300 դոլար՝ երկարատև տեսակցության, 1000 դոլար՝ մարմնավաճառի ծառայության համար. ՔԿԾ պետը՝ քրեակատարողական հիմնարկներում եղած «ծառայությունների» մասին
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ իրենք տեղեկություններ ունեն, որ քրեակատարողական հիմնարկներում առանձին ծառայությունների համար գումարի կոնկրետ դրույքաչափեր են որոշվել և գանձվել:
ՔԿԾ պետը ներկայացրեց, որ օրինակ` սահմանված հասանելիքից ավել յուրաքանչյուր կարճատև տեսակցության համար գանձվել է 100 ԱՄՆ դոլար, երկարատև տեսակցության համար` 300 ԱՄՆ դոլար: Նա ներկայացրեց, որ դրույքաչափեր են սահմանված եղել նույնիսկ մարմնավաճառների ծառայություն մատուցելու համար 300 ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ ունևոր խավի համար մինչև 1000 ԱՄՆ դոլարի սահմաններում:
«Գումարներ են գանձվել նաև տույժ չնշանակելու կամ նշանակված տույժը սահմանված ժամկետից հանելու համար: Մշտապես շոշափվող թեմա է եղել այսպես կոչված «զոն նայողների» ինստիտուտի առկայությունը: Նրանք են եղել հիմնական եղանակ ստեղծողները, վարչակազմի հետ հարաբերություններ ստեղծողները և կոռուպցիոն սխեմաների ապահովողները: Այս կատեգորիայի անձանց համար բացահայտ ապահովվել են կենցաղի, սննդի, ազատ տեղաշարժի, հարմարավետության, հանգստի լավագույն արտոնյալ պայմանները»,- ասաց նա:
ՔԿԾ պետը նշեց, որ նման արտոնություն ունեցող կալանավորների խցերի դռները երբեք չեն փակվել, նրանց հետ կապված որևէ խուզարկություն չի արվել և նրանց նկատմամբ տույժեր չեն սահմանվել:
«Քրեակատարողական հիմնարկներում չպետք է լինեն ազատությունից զրկված այնպիսի անձինք, որոնք արտոնյալ պայմաններ կունենան: Միաժամանակ չպետք է լինեն քրեակատարողական ծառայողներ, որոնք շահագրգռվածություն կամ կախվածություն ունենան կալանավորներից և դատապարտյալներից»,- նշեց նա:
Նա նաև ներկայացրեց, որ քրեակատարողական հիմնարկները նախատեսված են 5346 անձի կալանավորման համար, ներկայումս դատապարտված և կալանավորված անձանց ընդհանուր թիվը 2230-ի սահմաններում է, որից 1028-ը կալանավոր են, 1222-ը դատապարտյալ:










