Նորմալ է, որ մարդիկ երաշխավորությամբ են հանդես գալիս, բայց սա թող չդառնա քաղաքական քայլ. Տ. Սիմոնյանը՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կոչ անող 60 մշակութային գործիչների հայտարարության մասին

15:06 • 20.12.19

Նորմալ եմ գնահատում, որ մարդիկ երաշխավորությամբ են հանդես գալիս, բայց սա թող չդառնա քաղաքական քայլ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով մշակույթի 60 գործիչների տարածած հայտարարությանը, որով վերջիններս կոչ էին անում փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

«Երբ դիմում են երաշխավորության համար՝ ասելով, որ անձին ճանաչում են և կարծում են, որ նա, ազատության մեջ գտնվելով, չի խոչընդոտի արդարադատության իրականացմանը, նորմալ է, նրանք իրենց կամքն են արտահայտում: Եթե քաղաքական ձևով են այս գործընթացի մեջ մտել, ապա կարծում եմ, որ մշակութային գործիչները պետք է իրենց հնարավորինս իրենց հեռու պահեն քաղաքականությունից, քանի որ նրանք ինչ-որ առումով ավելի բարձր են, քան քաղաքականությունը»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, թե մշակութային գործիչները հասարակության խիղճն են և գիտակցությունը, և լավ կլինի, որ այդ խիղճն ու գիտակցությունը երբեք քաղաքական թաթախվածություն չունենան:

Անդրադառնալով հարցին՝ կա՞ հասարակական պահանջ, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի ազատության մեջ, Սիմոնյանը պատասխանեց, թե ինքն այդպիսի հասարակական պահանջի տպավորություն չի ունեցել:

«Ես տեսնում եմ, որ այդպիսի մասնագիտական պահանջ, միգուցե, կա փաստաբանների կողմից, որոնք գտնում են, որ Քոչարյանին անազատության մեջ պահելը որևէ ձևով չի նպաստում արդարադատության իրականացմանը»,-ասաց Տարոն Սիմոնյանը: