Ավստրալիայի վարչապետը ներողություն է խնդրել անտառային հրդեհների հետևանքով առաջացած ճգնաժամի ֆոնին արձակուրդ մեկնելու համար
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ներողություն է խնդրել երկրին պատուհասած խոշոր անտառային հրդեհների հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակի ֆոնին արձակուրդ մեկնելու համար, գրում է The Guardian-ը:
Վարչապետը մանրամասնել է, որ ստիպված է եղել ընտանիքի հետ արձակուրդ մեկնել, քանի որ հունվարին նախապես ուղևորություններ են ծրագրված դեպի Ճապոնիա և Հնդկաստան:
«Խորապես ցավում եմ, որ այս ժամանակահատվածում ընտանիքիս հետ արձակուրդ մեկնելը վիրավորական է եղել սարսափելի անտառային հրդեհների հետևանքով տուժած ավստրալացիների համար»,- ասել է Մորիսոնը:
Նա հավելել է, որ ընտանիքի հետ այժմ հանգիստն է վայելում Հավայան կղզիներում:
Նշվում է, որ կրակն անվերահսկելի է դառնում: Իրավիճակը բարդացնում է շոգ եղանակը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, այս սեզոնի ընթացքում անտառային հրդեհները Նոր Հարավային Ուելս նահանգում այրել են մոտ 3 մլն հեկտար տարածություն: Կրակի տարածմանը նպաստել են տաք, չոր և քամոտ եղանակային պայմանները:
Նահանգի տարբեր հատվածներում մոլեգնում է 57 անտառային հրդեհ, որոնց մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 2000 հրշեջ:










