Հայցում եմ Ձեր ներողամտությունը, չեմ հերքում, շատ կոպիտ եմ արտահայտվել. իմքայլական պատգամավորը՝ Վ. Սարգսյանին՝ «Այբբենարանի տեղն աղբամանն է» արտահայտության վերաբերյալ

11:17 • 21.12.19

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես անդրադառնում է իր՝ նախորդ օրը արած հայտարարությանը և ներողություն խնդրում կոպիտ արտահայտվելու համար:

Հիշեցնենք, որ «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկմանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, անդրադառնալով դասագրքերին, նշել է, որ իր կարծիքով՝ հայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանի հեղինակած «Այբբենարանի» տեղն աղբամանն է: 

Հիշեցնենք նաև, որ Ղազարյանի հայտարարությանն անդրադարձել էր Վաչագան Սարգսյանը՝ նշելով, որ Ղազարյանը կեղծարար է, սուտ է խոսում:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Հարգելի պարոն Սարգսյան,

Տեսա Ձեր գրառումն ու, անկեղծ ասած, հարկ համարեցի արձագանքել մի քանի պատճառով…

Տարիներ շարունակ ամեն շաբաթ «Իններորդ հրաշալիք»-ին եմ սպասել և այն սիրով վերընթերցել…

Ձեր «Հայերենը ափի մեջ շարքի» շնորհիվ է, որ համադասարանցիներիս շրջանակում սեր արթնացրիք լեզվաբանության հանդեպ…

Պարոն Սարգսյան, Ձեր կողմից առաջ բերված փաստարկների հետ համամիտ չեմ, սակայն և չեմ հերքում, որ շատ կոպիտ եմ արտահայտվել…

Ձեր՝ ինձ ուղղված բնութագիրը շատ վիրավորական էր, սակայն հայցում եմ Ձեր ներողամտությունը և վստահ եմ, որ կկարողանանք միասին քննարկել, թե գրքի այդ պատկերներում ինչն է, որ այդքան անընդունելի է իմ և փորձագիտական համայնքի մի քանի ներկայացուցիչների համար:

Պարոն Սարգսյան, տառերի ուսուցման Ձեր մեթոդը շատ լավն է, բայց իմ համեստ պատկերացմամբ այս դասագիրքն ավելի համալիր մոտեցում է պահանջում:

Սիրով կսպասեմ Ձեր արձագանքին»: