Ֆրանսիայում բժշկին կասկածում են 350 երեխայի նկատմամբ ոտնձգությունների և բռնաբարության համար

14:19 • 21.12.19

Ֆրանսիայում վիրաբույժ Ժոել Լը Սկուարնեկը կասկածվում է 30 տարվա ընթացքում անչափահաս հիվանդների նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու և նրանց բռնաբարելու համար: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Տվյալների համաձայն՝ տուժողների թիվը կարող է հասնել շուրջ 350-ի:

«Սա արտասովոր գործընթաց է՝ ինչպես փաստերի պարզման, այնպես էլ տուժածների թվի տեսանկյունից: Այսօր պարոն Սկուարնեկի պոտենցիալ զոհերի թիվը հասել է 349-ի: Այս փաստերից մի քանիսի ժամկետն արդեն անցել է: 229 մարդ արդեն ցուցմունք է տվել, նրանցից 197-ը բողոք են ներկայացրել»,- հայտարարել է Լորյան քաղաքի դատախազ Լորելին Պեյրեֆիտը:

68-ամյա նախկին վիրաբույժի նկատմամբ հետաքննությունը սկսվել է 2017 թվականին, երբ տուժածներից մեկը՝ 6-ամյա հարևանուհին, պատմել է մորը, որ բժիշկը բռնաբարել է իրեն: Հարցաքննության արդյունքում Սկուարնեկը խոստովանել է կատարածը, ինչպես նաև պատմել է իր ազգականների երեխաների նկատմամբ նմանատիպ ոտնձգությունների մասին:

Նրա տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են շուրջ 200 երեխաների տվյալներ և նրանց նկատմամբ ոտնձգությունների նկարագրությունները: Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել հիվանդանոցում, որտեղ նա աշխատում էր: Նմանատիպ ամենավաղ դեպքերը գրանցվել են 1980-ականների երկրորդ կեսին:

Ներկայում նախկին բժիշկը գտնվում է կալանքի տակ, մարտին նրան կդատեն ոտնձգությունների մեղադրանքով: