Ֆրանսիայում Google ընկերությանը տուգանել են 150 միլիոն եվրոյով

16:45 • 21.12.19

Ֆրանսիայի հակամենաշնորհային ծառայությունը 150 միլիոն եվրոյով տուգանել է ամերիկյան Google ընկերությանը՝ շուկայում գերակայող դիրքի չարաշահման համար: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը՝ հղում անելով ֆրանսիական Le Monde թերթին:

Ֆրանսիական ծառայությունը կարծում է, որ Google-ի գովազդային հարթակի կանոնները «ոչ արդարացի և պատահական են», իսկ օգտատերերի օգտահաշիվները առանց լուրջ պատճառաբանության ջնջվում են:

Google-ի գործունեության հետաքննությունն սկսվել է 2015 թվականին, երբ արգելափակվել էր ֆրանսիական GibMedia թերթի օգտահաշիվը:

Թերթն ինքն իրեն տուժող է ճանաչել, քանի որ իր հաշիվը փակելը ավելի բարենպաստ պայմաններ է առաջացրել մրցակիցների համար:

Հակամենաշնորհային ծառայությունը մեղադրում է Google-ին համաձայնագրերը փոխելու և դրա մասին օգտատերերին չտեղեկացնելու մեջ, ինչի պատճառով էլ արգելափակվել են օգտահաշիվները:

Google ընկերությունը պատրաստվում է վիճարկել այս մեղադրանքը: