ՀՀ քաղաքացիները կարող են ԵԱՏՄ անդամ երկրներում աշխատանքի համար կենսաթոշակ ստանալ. «ՌուսԱրմԻնֆո»

11:47 • 21.12.19

Սանկտ Պետերբուրգում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը:

«Փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո, միության անդամ պետությունների աշխատողները կենսաթոշակ կստանան ոչ միայն իրենց հայրենիքում կատարած աշխատանքի, այլ նաև ԵԱՏՄ մյուս պետություններում կատարած աշխատանքի համար: Հանձնաժողովը համաձայնագրի նախագծի վրա աշխատել է 2014 թվականից ի վեր, միության անդամ պետությունների հետ միասին»,- «ՌուսԱրմԻնֆո»-ին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Յուրաքանչյուր պետություն կենսաթոշակ կվճարի իր օրենսդրության համաձայն: Արդեն որոշված են կենսաթոշակների տեսակները, որոնց վրա կտարածվի համաձայնագիրը, ինչպես նաև «արտահանվելիք» կենսաթոշակները:

Նշվում է նաև, որ մինչ այժմ ԵԱՏՄ անդամ երկրների կենսաթոշակային համակարգերի տարբերությունների պատճառով աշխատող ներգաղթյալների կենսաթոշակային իրավունքները ոչ բոլոր երկրներում են ձևավորվել:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգ այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին: Նիստից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է, որ խորհրդի հերթական նիստում քննարկվել են ինտեգրացիոն միավորման օրակարգի մի շարք հարցեր: