Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում կասկածելի իր են հայտնաբերել. ձերբակալվածներից մեկը «ԻՊ»-ի հետ կապեր ունի

02:37 • 22.12.19

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Բրայթշայդպլաց հրապարակում, որտեղ անցկացվում է սուրբծննդյան տոնավաճառ, ոստիկանությունը կասկածելի իր է հայտնաբերել: Այս կապակցությամբ արդեն 2 մարդ բերման է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Berliner Zeitung-ը:

Ոստիկանությունը հրապարակից տարհանել է մարդկանց, իսկ շուկան շրջափակել: Այժմ իրավապահներն ու կինոլոգները Բրայթշայդպլաց հրապարակում և հարակից եկեղեցում աշխատանքեր են իրականացնում:

Հաղորդվում է, որ այս դեպքով բերման են ենթարկվել Սիրիայի 2 քաղաքացիներ, որոնք պայթուցիկների հետ աշխատելու փորձառություն ունեն: Ավելին, ըստ գերմանացի ոստիկանների, ձերբակալվածներից մեկը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունի, իսկ մյուս սիրիացին հետախուզվում է ամերիկյան իրավապահների կողմից:

Չի բացառվում, որ Գերմանիայում կանխել են հնարավոր ահաբեկչական գործողություն:

Հիշեցնենք, որ նույն հրապարակում 2016 թ.-ին բեռնատարը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ: Ահաբեկչական գործողության ընթացքում զոհվել էր 12 մարդ, ևս 48-ը վնասվածքներ էին ստացել: