Լիբիայում թուրքական անձնակազմով քաղաքացիական նավ է կալանվել
Լիբիայի Ռազմածովային ուժերը երկրի արևելքում կալանել են Գրենադայի դրոշով շարժվող քաղաքացիական նավ, որի անձնակազմի անդամները Թուրքիայի քաղաքացիներ են: Այս մասին հայտնել է Լիբիայի ազգային բանակի, որի հրամանատարը ծովակալ Խալիֆ Հաֆթարն է, մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ նավը հասցվել է Ռաս ալ Հիլյալ նավահանգիստ, որտեղ ստուգելու են այդտեղ հայտնաբերված բեռը, ինչպես նաև իրականացնելու են նման իրավիճակներում նախատեսված գործընթացներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան, հաջակցություն Լիբիայի ազգային համաձայնության կառավարության, Տրիպոլի է ուղարկել հատուկ ջոկատներ, ռազմական խորհրդականներ և ռազմական տեխնիկա:
Տեղեկությունների համաձայն՝ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունն ինքն է օգնություն խնդրել Թուրքիայից:
Օրեր առաջ լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր Տրիպոլիի համար «վճռական մարտի» մասին: Հաֆթարի հայտարարությունից հետո բանակը սկսել էր ակտիվորեն հարձակումներ գործել Ֆաիզ Սարաջի գլխավորած Ազգային համաձայնության կառավարությանը հավատարիմ կազմավորումների վրա, հետ էր մղել հակառակորդի դիրքերը երկրի գլխավոր քաղաքի ծայրամասերում և մտել էր Տրիպոլի:










