Հորդորում ենք ՀՖՖ-ին՝ չտրվել իշխանությունների ազդեցություններին և հարգել խոսքի ազատության սկզբունքները. «Մեդիա պաշտպան»-ը՝ Ս. Բաղդասարյանին ՀՖՖ հավատարմագրից զրկելու մասին

12:00 • 23.12.19

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ օրերս սպորտային լրագրող, բազմամյա փորձ ունեցող Սուրեն Բաղդասարյանին զրկել են ՀՖՖ (Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա) հավատարմագրից։ Այս դեպքով «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կապ հաստատեց Սուրեն Բաղդասարյանի հետ, որն իր խոսքում նշեց, որ դա հերթական ապօրինի քայլն է լրագրողի նկատմամբ և հավելեց, որ լրատվականների բուռն արձագանքից հետո իր հավատարմագիրը վերականգնվել է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր անհանգստությունն է հայտնում դեպքի վերաբերյալ և հորդորում է ՀՖՖ-ին չտրվել իշխանությունների ազդեցություններին և հարգել խոսքի ազատության սկզբունքները։ Փաստացի, ՀՖՖ-ի կողմից նման վերաբերմունքն անլուրջ է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ՀՖՖ գործկոմին զգոն լինել, բացառել նման դեպքերը։