«Պուտինը՝ հայերի նախագահ» գրությամբ պաստառի հեղինակը բացատրել է դրա նշանակությունը
Ռուսաստանի Դաշնության Կիսլովոդսկ քաղաքի բնակիչ, լրագրող Մարիա Լակատուշը Московский Комсомолец-Кавказ պարբերականի հետ զրույցում պատմել է դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահի տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ «Պուտինը՝ հայերի նախագահ» գրությամբ պաստառի նշանակության ու նպատակի մասին:
Մարիան նշել է, որ պաստառը ոչ մի սադրանք կամ քաղաքական ենթատեքստ չի պարունակել: Կնոջ խոսքով՝ ինքը պարզապես ցանկանում էր գրավել Վլադիմիր Պուտինի ուշադրությունը, որպեսզի կարողանա իր հարցը հղել, սակայն դա նրան չի հաջողվել:
«Ինչո՞ւ հենց նման գրություն; Ռուսաստանում ապրում է գրեթե նույնքան հայ, որքան Հայաստանում: Գտնվելով ՌԴ-ի տարածքում և պատրաստելով պաստառը՝ ես մտածում էի հենց ռուսաստանաբնակ հայերի մասին, որոնց համար, ինչպես բոլոր ռուսաստանցիների համար, Վլադիմիր Պուտինը նախագահ է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ տեսախցիկը ֆիքսել էր «Պուտինը՝ հայերի նախագահ» գրությամբ պաստառը, որը հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Այն նաև ակտիվ քննարկումների առիթ էր տվել սոցցանցի օգտատերերի շրջանում, որոնք փորձում էին պարզել, թե ով է եղել տվյալ պաստառի հեղինակը:










