ՀՔԾ-ում քննվող ՃՈ գնումների քրեական գործով նոր մեղադրյալ կա. մեղադրանք է առաջադրվել ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալին

17:37 • 23.12.19

Հատուկ քննչական ծառայությունում քննվող Ճանապարհային ոստիկանության գնումների գործընթացի վերաբերյալ քրեական գործով նոր մեղադրյալ կա: Tert.am-ի տեղեկություններով մեղադրյալ է ներգարվվել նաև ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետ Արշամ Ներսիսյանի տեղակալ Արա Կոթողյանը:

Տեղեկության իսկության վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն հաստատեց տեղեկությունը, նշելով.« Ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»:

Նշենք, որ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և համաձայնեցված գործողություններով մրցակցությունը սահմանափակելու համար մեղադրանք էր առաջադրվել և կալանավորվել էր ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը, որի խափանման միջոցը վերջերս փոխվել էր և ազատ է արձակվել կալանքից: Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը ևս հարցաքննվել է նշված գործով: