Երևի ես նրանց խանգարում եմ. Հենրիխ Մխիթարյանի մայրը չի ընտրվել ՀՖՖ Գործկոմի կազմում

22:48 • 23.12.19

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը` Մարինա Թաշչյանը, չի ընտրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի կազմում։

«Ես արդեն 40 տարի է՝ ֆուտբոլի մեջ եմ։ Իմ թեկնածությունն առաջադրվել էր  «Նորացված Փյունիկի» կողմից և նրանք ամեն ինչ արեցին, որ «Նորացված Փյունիկը» չմասնակցի ընտրություններին։ Երևի, ես նրանց խանգարում եմ ֆուտբոլի մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարինա Թաշչյանը։

Ինչ վերաբերում է ՀՖՖ նախագահի ընտրությանը, ապա Մարինա Թաշչյանն ասաց.«Սա պայմանավորված էր, այստեղ անելիք չկար։ Սա խայտառակություն է, 40 տարի է՝ ֆուտբոլի մեջ եմ, երբեք նման բան չեմ տեսել»։


Նշենք,որ այսօր ՀՖՖ արտահերթ նիստ է տեղի ունեցել։ Ժողովի երկրորդ մասում ընտրվեցին ՀՖՖ նախագահն ու ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները։ Ձայների մեծամասնությամբ ՀՖՖ նոր նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։

ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամներն են՝ Հասմիկ Ղարիբյանը, Հրաչիկ Աղաբեկյանը, Գագիկ Աղբալյանը, Կիմ Առաքելյանը, Պողոս Գալստյանը, Աննա Թադևոսյանը, Տիգրան Հակոբյանը, Հայկ Ղազազյանը, Արեն Մկրտչյանը, Հիրաչ Յագանը, Բագրատ Նավոյանը, Արմեն Նիկողոսյանը, Կարեն Շաբոյանը, Արմեն Շահգելդյանը և Ալբերտ Սարգսյանը։

ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում միաձայն վերընտրվեց Արմեն Նիկողոսյանը։