«Հայերն այստեղ իրենց զգում են ինչպես տանը. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հարցազրույցը թուրքական հեռուստաալիքին
Պոլսի հայոց նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել թուրքական A Haber հեռուստաալիքին: Պատրիարքը խոսել է ԱՄՆ սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից և հայ-թուրքական հարաբերություններից: Մաշալյանը նշել է, որ երկու երկրների հարաբերություններում կա ուղիղ երկխոսության անհրաժեշտություն:
«Մեր մեջ 1915թ. դեպքերը փոխանցվում են գենետիկորեն: Օսմանյան ժամանակաշրջանում այստեղ 2-2,5 միլիոն հայ էր ապրում: Այս պահին Թուրքիայում ապրում է 40-60 հազար հայ: Վերջին հարյուրամյակի ընթացքում այս հողում հայերի թիվը խիստ կրճատվել է, սակայն մենք որոշել ենք մնալ և ապրել այստեղ: Մեր ընդհանուր պատմությունը միշտ չէ, որ խնդրահարույց է եղել: Հայկական և թուրքական մշակույթները շատ մոտ են իրար: Հայ երաժիշտները մեծ ավանդ ունեն թուրքական արվեստի և երաժշտության մեջ: Հայերը իրենց դերն ունեն այս քաղաքակրթության մեջ, այդ իսկ պատճառով այստեղ նրանք իրենց զգում են ինչպես տանը»,-ասել է Մաշալյանը:
Անդրադառնալով ԱՄՆ սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը՝ պատրիարքը նշել է, որ այդ ամենը տեղի է ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների բացակայության հետևանքով:
«Եթե երկու երկրները չկարողանան նստել և խոսել այս թեմաների շուրջ, ապա դրանց մասին խոսելու են Թուրքիայի հետ ռազմավարական խնդիրներ ունեցող 3-րդ, 4-րդ երկրները: Ես ինքս վիրավորված եմ, որ ցավ ապրած ժողովրդի հիշողություններն առօրյա քաղաքականության գործիք են դառնում»,-եզրափակել է իր խոսքը Պոլսո հայոց պատրիարքը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, դեկտեմբերի 11-ին Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:










