Դատավոր Ուզունյանի մոտից «Զվարթնոցում» փամփուշտ հայտնաբերելու դեպքով ոստիկանության գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել
«Զվարթնոց» օդանավակայանում դատավոր Սամվել Ուզունյանի մոտից փամփուշտ հայտնաբերելու վերաբերյալ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել:
Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ ոստիկանության ծառայողների գործողությունների օրինաչափությունները ստուգելու համար»,- ասաց Ջանոյանը:
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 21-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է կասկածելի իր։
Ըստ կայքի՝ ուղևորը եղել է Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա բնակիչ Սամվել Ուզունյանը, ով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով դատավորն է եղել։










