Վենեսուելայում ընդդիմությունը հարձակվել է զորամասի վրա և զենք հափշտակել. կա 1 զոհ

10:35 • 23.12.19

Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն հայտնել է, որ ընդդիմության ներկայացուցիչները դեկտեմբերի 22-ին հարձակում են իրականացրել երկրի հարավում գտնվող զորամասի վրա և գողացել այնտեղ պահվող զենքը: Պաշտոնյան այս մասին հայտարարել է Twitter-ում, գրում է Korrespondent.net-ը:

«Այսօր վաղ առավոտյան (դեկտեմբերի 22-ին) ընդդիմության ծայրահեղական ուժերը հարձակում են իրականացրել երկրի հարավում տեղակայված զինվորական ստորաբաժանման վրա և մեծ քանակությամբ զենք հափշտակել»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ հարձակման ժամանակ զոհվել է մեկ զինծառայող, հանցագործներին ձերբակալել են:

Ավելի ուշ Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ ընդդիմության ներկայացուցիչները, որոնք հարձակվել են զորամասի վրա, գործել են Կոլումբիայի և Բրազիլիայի իշխանությունների թելադրանքով:

«Այդ հանցագործները մարզվել են Կոլումբիայի տարածքում հայտնի ռազմական ճամբարներում և աջակցություն են ստացել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի վարչակազմի կողմից»,- ընդգծել է Ռոդրիգեսը Twitter-ում:

Նա նաև հավելել է, որ իրավապահները «բռնել են վեց հանցագործի»:

Մինչդեռ Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արերասան ասել է, որ Պերուի իշխանությունները կարող են ներգրավված լինել երկրի հարավում գտնվող զորամասի վրա հարձակմանը: Այդ մասին նա հայտնել է իր Twitter-ում:

Որպես փաստարկ նա հայտնել է, որ Պերուում չեն կանխել իրենց ստորաբաժանումների վրա հարձակում իրականացրած խմբավորման տեղակայումը:

Արտաքին գործերի նախարարը հարձակումը կազմակերպած ընդդիմության անդամներին «ահաբեկիչներ» է անվանել:

Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ հունվարի 21-ին մեկնարկած զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին հունվարի 23-ին Խուան Գուաիդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ: Նրան աջակցություն են հայտնել ԱՄՆ-ն, Արգենտինան, Բրազիլիան, Կանադան, Իսրայելը, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Պանաման, Պարագվայը, Պերուն, Վրաստանը, Ալբանիան և մի շարք այլ երկրներ: