Վլադիվոստոկում երեխան մահացել է՝ փորձելով «սելֆի» անել գնացքի վագոնի վրա

10:54 • 23.12.19

Վլադիվոստոկում 13-ամյա երեխան «սելֆի» անելու նպատակով բարձրացել է երկաթուղային գնացքի վագոնի վրա և մահացել հոսանքի հարվածից: Այս մասին տեղեկացնում է  РИА Новости-ն:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել  դեկտեմբերի 22-ին՝ Հեռավորարևելյան երկաթուղիների Գայդամակ կայարանում:

«Նախնական տվյալներով՝ մահացածը, անտեսելով «Զգուշացե՛ք, էլեկտրական լարում» նշանները, որոնք տեղադրված էին կոնտակտային ցանցի և բաքի վրա, բարձրացել է վագոնի վրա, որպեսզի «սելֆի» անի: Հայտնվելով 27,5 կվ լարվածությամբ աշխատող կոնտակտային ցանցի սարքավորումների տակ՝ նա մահացու հոսանքահարում է ստացել»,-ասված է երկաթուղու տարածած հայտարարության մեջ:

Երկաթուղու տվյալներով՝ սա այս տարվա ընթացքում անչափահասի մասնակցությամբ մահվան արդեն 3-րդ դեպքն է երկաթուղում: 2018թ. տեղի է ունեցել այսպիսի վեց դեպք: