Սկզբում որպես կասկածյալ տարան, հետո հարցաքննեցին վկայի կարգավիճակում․ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
16։23
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ազատ արձակեցին ոստիկանական բաժանմունքից։
14։25
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին տեղափոխեցին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին։
13։44
Իշխանությունները բերման ենթարկեցին ԵՊՀ ՈՒԽ նախագահին․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների տնօրեն Վահագն Վարագյանը։
Tert.am-ի հետ զրույցում Վարագյանը նշեց, որ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները հենց աշխատասենյակից են ձերբակալել ու բերման ենթարկել:
Tert.am–ի տեղեկություններով` Դավիթ Ափոյանին բերման են ենթարկել դեկտեմբերի 20-ին Երևանում հնչած կրակոցների պատճառով։ Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում՝ Երևանի պետական համալսարանի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, և հնչել են կրակոցներ:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 14:00-ի սահմաններում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակային հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները զննություն են կատարել տեղանքում, որտեղ հայտնաբերել են 2 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճներ:










