Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հոսպիտալացվել է

10:02 • 24.12.19

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն զինվորական հիվանդանոց է տեղափոխվել՝ Ալվորադա պալատի պաշտոնական նստավայրում անհաջող վայր ընկնելու հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ի երեկոյան, հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն:

«Նախագահը, ոչ պաշտոնական տվյալներով, սայթաքել է Ալվորադա պալատի լոգարանում»,- ասված է Folha de Sao Paolo թերթի նյութում:

Պարբերականի տվյալներով՝ միջադեպից հետո նախագահին հետազոտել են բժիշկները, որոնք որոշում են կայացրել նախագահին հիվանդանոց տեղափոխել։ Գլխի համակարգչային տոմոգրաֆիան փոփոխություններ չի հայտնաբերել, սակայն Բոլսոնարուն բժիշկների հսկողության տակ կմնա 6-12 ժամ:

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել էր, որ հնարավոր է՝ իր մոտ հայտնաբերվել է մաշկի քաղցկեղ: 

«Մաշկի քաղցկեղի հավանականություն կա: Ենթարկվել եմ բժշկական հետազոտության: Այնպես չէ, որ դա իմ ցանկությունն է եղել, սակայն բազմիցս խնդրել են դա անել, և ես հետազոտվել եմ»,- հայտնել էր Բրազիլիայի նախագահը:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին Բոլսոնարուին դանակահարել էին Բրազիլիայի հարավ-արևելքի Ժուիզ դի Ֆորա քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Ներկայիս նախագահը հիվանդանոցում էր մնացել ավելի քան երեք շաբաթ և երկու վիրահատություն էր տարել: Երրորդ վիրահատությունը տեղի էր ունեցել հունվարի վերջին, ևս մեկը` սեպտեմբերին: