Էլիզաբեթ 2-րդ թագուհին իր սուրբծննդյան ուղերձում հայտնել է, որ անցնող տարին հարթ չի եղել Մեծ Բրիտանիայի համար

11:06 • 24.12.19

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը կարծում է, որ անցնող տարին հարթ չի անցել Մեծ Բրիտանիայի համար, սակայն վստահ է, որ նույնիսկ փոքր փոխզիջումները կարող են կանխել լուրջ տարաձայնությունները: Այս մասին Մեծ Բրիտանիայի միապետն ասել է իր սուրբծննդյան ուղերձում, որը կհեռարձակվի օրեր անց, գրում է Express.co-ն:

«Ուղին, իհարկե, միշտ չէ, որ հարթ է եղել, և այս տարի այն երբեմն բավականին խորդուբորդ էր, բայց փոքր քայլերը կարող են հսկայական փոփոխությունների հանգեցնել: Հավատով ու հույսով արված փոքր քայլերը կարող են օգնել հաղթահարել վաղեմի ու խորը տարաձայնությունները՝ հանգեցնելով ներդաշնակության և փոխադարձ ըմբռնման»,- ասված է Մեծ Բրիտանիայի միապետի խոսքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 93-ամյա թագուհի Էլիզաբեթ 2-րդը ելույթը ձայնագրել է արքայազն Ֆիլիպի հիվանդանոց տեղափոխվելուց առաջ:

«Ցանկանալով անցյալում թողնել նախկին տարաձայնություններն ու առաջ շարժվել՝ մենք հարգում ենք ազատությունն ու ժողովրդավարությունը, որն այդքան մեծ գնով ենք նվաճել», - հայտարարել է միապետը:

Այս տարին Մեծ Բրիտանիայի համար նշանավորվեց Եվրամիությունից թագավորության դուրս գալու հակառակորդների և կողմնակիցների լուրջ տարաձայնություններով: Պառակտման սահմանագիծն անցել է հասարակության միջով, և առաջատար քաղաքական կուսակցությունները նույնպես բացառություն չեն դարձել:

Ընտրություններում Պահպանողական կուսակցության համոզիչ հաղթանակը նպաստեց Brexit-ի գործընթացի արագացմանը. Համայնքների պալատը հինգերորդ փորձից հետո օրերս հավանություն տվեց ԵՄ-ից դուրս գալու օրինագծին:

The Times բրիտանական պարբերականը կարծում է, որ թագուհին «խորդուբորդ ճանապարհ» ասելով նկատի ունի թագավորական ընտանիքի համար դժվարին տարին՝ իր ամուսին Ֆիլիպի վթարը, արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի՝ սուրբծննդյան տոներին թագավորական ընտանիքից հեռու անցկացնելն ու արքայազն Էնդրյուի հետ կապված սկանդալը:

Տարեվերջին թագուհու որդին՝ արքայազն Էնդրյուն, ժամանակավորապես հրաժարվել է որպես թագավորական ընտանիքի անդամ իր պարտավորությունների կատարումից: Պատճառն ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ նրա կապերի շուրջ ծագած սկանդալն է: