Մի խումբ մարդիկ ներխուժել են Արարատի մարզի Հովտաշատ համայնքում գտնվող ձկնաբուծարան և փորձել ձուկ գողանալ. տարածքը պատկանում է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրենին

18:10 • 24.12.19

Այսօր Արարատի մարզի Հովտաշատ համայնքում գտնվող ձկնաբուծարանում լարված իրավիճակ է ստեղծվել: Մի խումբ մարդիկ ներխուժել են ձկնաբուծարանի տարածք ու փորձել ձուկ գողանալ։

«Առավոտից մեր անվտանգության տղաներն ահազանգում են, որ այստեղից ձուկ են դուրս բերում ավտոներով: Հարցրել են՝ ի՞նչ ա եղել, ասել են՝ պետք ա, մենք պետք ա տանենք: Եղել է վիճաբանություն, երբ փորձել ենք արգելել, չթողենք, որ տանեն: Հիմա ահազանգ ենք տվել ոստիկանություն, հետագա ընթացքը կորոշեն: Այս մարդիկ ասում էին՝ սա մեր տարածքն է, մեր ձկնաբուծարանն է, բայց 100 տոկոս բաժնետերը Սեդրակ Առուստամյանն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ձկնաբուծարանի սեփականատեր Սեդրակ Առուստամյանի ներկայացուցիչը:

Ձկնաբուծարանը, ըստ պետռեգիստրի՝ պատկանում է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին:

Սեդրակ Առուստամյանի ներկայացուցչի խոսքով՝ այն, ինչ կատարվել է ձկնաբուծարանի տարածքում, եղել է կազմակերպված. «Կպարզվի մի քիչ հետո, թե ովքեր են կանգնած այս ամենի հետևում»,- ասաց նա:

Նշենք նաև, որ «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Վարդուհի Մելտոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Հովտաշատ գյուղում 6 տասնյակից ավելի բնակիչներ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի վրա։

Միջադեպի մյուս կողմը՝ ձկնաբուծարան մուտք գործած անձինք, մինչդեռ, հայտարարում են, որ փորձում են պաշտպանել իրենց սեփականության իրավունքը: