Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ

12:19 • 24.12.19

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներով:

Հանձնաժողովն ուսումնասիրել է մի շարք լրատվամիջոցների կողմից՝ «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել» վերնագրով հրապարակումը և եկել եզրակացության, որ  Երևանի քաղաքապետի արարքում առկա են անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել: Մասնավորապես, ԶԼՄ-ն ձեռք էր բերել փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է:

2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնն ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն: Իսկ «Երևան քա­ղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Մարությանը սույն թվականի նոյեմբերի 30-ին իր ՍՊԸ-ի տնօրեն է նշանակել եղբորը, ինչը, սակայն, չի ազատում նրան պատասխանատվությունից»,- գրել էր թերթը:

 






Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ստանձնած փաստաթուղթը, ըստ որի՝ 2018 թվականի նոյեմբերի 3-ին գրանցվել է «Երկուս ու կես» ընկերության տնօրենի փոփոխություն, և ընկերությունը ղեկավարում է այլ անձ:

«Ամսի 18-ին քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերն ուղարկել է հանձնաժողովին և միջնորդություն ներկայացվել՝ եզրակացություն ընդունել անհամատեղելիության պահանջների խախտման փաստի բացակայության մասին»,- գրել է ավագանու անդամը: