Մեքսիկայում սուրբծննդյան խնջույքի ժամանակ գնդակահարել են Խալապա դե Դիաս քաղաքի քաղաքապետին
Մեքսիկայի հարավում գտնվող Խալապա դե Դիաս փոքր քաղաքում մի խումբ զինված անձինք ներխուժել են Սուրբ Ծննդյանը նվիրված խնջույքին և սպանել վեց մարդու, այդ թվում՝ քաղաքապետին, հաղորդում է Sol de Mexico պարբերականը:
«Զինված խումբը ներխուժել է Ընտանիքի համալիր զարգացման համակարգի (DIF) կազմակերպած սուրբծննդյան խնջույքին և սպանել այդ քաղաքի քաղաքապետին՝ Արթուրո Գարսիա Վելասկեսին, ինչպես նաև մունիցիպալիտետի ղեկավարին»,- ասված է հրատարակության նյութում:
Պաշտոնյաների մահը Twitter-ում հաստատել է սենատոր Սալոմոն Հարան:
Տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով նահանգի դատախազության աղբյուրներին, հայտնում են, որ հրաձգության հետևանքով զոհվել է վեց մարդ: Նախնական վարկածով՝ հարձակման թիրախը եղել է հենց Խալապա դե Դիաս քաղաքի քաղաքագլխի սպանությունը, որն ընտանիքի և գործընկերների հետ գտնվել է միջոցառմանը:
Հոկտեմբերին Գարսիան ձերբակալվել էր Օահակայի գլխավոր դատախազության աշխատակիցների կողմից՝ մարդկանց առևանգմանը մասնակցելու կասկածանքով, սակայն արդյունքում մեղադրվել էր զենքի ապօրինի տիրապետման համար և արդարացվել դատարանի կողմից: Գարսիան ավելի վաղ հայտարարել էր, որ հետապնդման է ենթարկվում:










