«Դա ամեն ինչ էր, բայց ոչ արդարություն». Սաուդյան Արաբիան քննադատվել է Խաշոգջիի սպանության գործով վճռի հրապարակումից հետո

11:27 • 24.12.19

Սաուդյան Արաբիան մեղադրվել է «արդարությունը ծաղրելու» և ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության իրական պատվիրատուներին ազատության մեջ թողնելու համար, գրում է The Guardian-ը՝ հիշեցնելով, որ նախօրեին դատարանի կայացրած վճռի շնորհիվ թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանի մերձավորները բացառվել են սպանությանն առանչություն ունեցողների ցանկից:

Դատարանը վճռել է, որ 2018թ. հոկտեմբերին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում տեղի ունեցած սպանության գործով 11 մեղադրյալներից 5-ը պետք է մահապատժի ենթարկվեն: Միևնույն ժամանակ հայտարարվել է, որ թագաժառանգի վստահությունը վայելող անձանցից մեկը, որը ներգրավված էր այս գործում, մեղավոր չէ:

Պարբերականը նկատում է, որ այս ամենը հակասում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և մի շարք այլ արևմտյան հետախուզական ծառայությունների եզրակացություններին, համաձայն որոնց՝ թագաժառանգն ինքն է պատվիրել իր ընդդիմախոսի սպանությունը:

Նշվում է, որ աշխարհը խիստ քննադատել է սաուդցիների վարած հետաքննությունն ու դատավարությունը՝ դրանք որակելով որպես թագաժառանգին և նրա մերձավորներին մեղադրանքներից զերծ պահելու նպատակով իրականացված «կոծկման գործողություն»:

Այս հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Կալամարը հայտարարել է, որ «երեկվա վճիռը կարելի է ամեն ինչ անվանել, բայց ոչ արդարություն»:

«Ստացվում է՝ մարդասպանները մեղավոր են ու մահապատժի են դատապարտվել, իսկ կազմակերպիչներն ազատության մեջ են: Սա արդարություն չէ, այլ ծաղր»,-ասել է զեկուցողը:

Հեղինակավոր  Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը վճիռը «սպիտակեցում» է անվանել՝ ընդգծելով, որ «այն ո՛չ արդարության, ո՛չ էլ ճշմարտության հաստատման չբերեց»:

Թուրքիայի արտգործնախարարը ևս հայտարարել է, որ «վճիռը շատ հեռու է իրենց սպասումներից»: Թուրքական կողմի պնդմամբ՝ «այն ծաղրանք էր աշխարհի հետախուզական ծառայությունների նկատմամբ»:

Washington Post պարբերականի  գործադիր տնօրեն Ֆրեդ Ռայանը նշել է, որ «դա ամոթալի դատավարություն էր»: