«Սորոսն ազդեցություն է ունեցել Ուկրաինայում ԱՄՆ չորս դեսպանների աշխատանքի վրա». Թրամփի փաստաբան

15:52 • 24.12.19

Ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսն ազդեցություն է ունեցել Ուկրաինայում ԱՄՆ չորս դեսպանների նշանակման և աշխատանքի վրա: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին New York ամսագրին տված հարցազրույցի ժամանակ:

Փաստաբանը հրատարակության լրագրողին պատմել է, որ բարեգործական կազմակերպությունների ցանցի հիմնադիր Սորոսը «վերահսկել» է դեսպան Մարի Յովանովիչին, որը պաշտոնից հեռացվել է Թրամփի պահանջով: «Բոլոր չորս դեսպաններն էլ նրա դրածոներն էին: Նա նաև ՀԴԲ գործակալներ է վարձել»,- նշել է Ջուլիանին:

Փաստաբանն ընդգծել է, որ Սորոսի հասցեին իր քննադատությունը չի կարելի հակասեմականության դրսևորում համարել:

«Նրան դժվարությամբ կարելի է հրեա անվանել: Նա սինագոգ չի հաճախում, չի աջակցում Իսրայելին, նա Իսրայելի թշնամին է: Սարսափելի մարդ է», - նշել է Ջուլիանին:

Դեկտեմբերի 13-ին «Վեստի» ուկրաինական հրատարակությունը Ջորջ Սորոսին անվանել է անցնող տարում Ուկրաինայում երկրորդ ամենաազդեցիկ մարդը: Վարկանշային ցանկի հեղինակներն ընդգծել են, որ միլիարդատերն իր կողմից հովանավորվող տասնյակ կազմակերպությունների միջոցով մեծ ազդեցություն է ունենում ուկրաինական քաղաքականության վրա: