Թուրքիայի Տրապիզոն և Օրդու նահանգներում միաժամանակ 43 անտառային հրդեհ է բռնկվել

16:15 • 24.12.19

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Թուրքիայի Տրապիզոն նահանգի 11 շրջանում միանգամից 37 անտառային հրդեհ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:

Տրապիզոնի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ անտառային հրդեհներից 22-ը մարվել են, 15-ի մարման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է քամին, որն արագորեն տարածում է կրակը: Տրապիզոնի Արսին շրջանում հրդեհի հետևանքով 6 տուն է այրվել, բնակիչներին հաջողվել է տարհանել:

Տրապիզոնի քաղաքապետ Իսմաիլ Ուստաօղլուն հայտարարել է, որ այրվել է ընդհանուր առմամբ 50 հեկտար մակերեսով տարածք: Հրդեհը մարելու համար աշխատել և շարունակում է աշխատել 212 հրշեջ:

Նմանատիպ հրդեհներ են բռնկվել նաև Թուրքիայի Օրդու նահանգի Չայբաշը, Չամաշ, Ֆաթսա, Քումրու, Քորգան և Չաթալփընար շրջաններում: Տեղեկությունների համաձայն՝ այս նահանգի բոլոր հրդեհները տեղայնացվել են: