ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի միջնորդությամբ են փորձել կապ ստեղծել իմ և համալսարանում տեղի ունեցած միջադեպի միջև, փաստացի ռեկտորն է իմ մասին հուշել. Դավիթ Ափոյան (տեսանյութ)

20:25 • 25.12.19

ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի և պահակակետի աշխատակիցների միջնորդությամբ են փորձել կապ ստեղծել համալսարանում տեղի ունեցած միջադեպի գործի և իմ միջև: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը, որը երեկ բերման էր ենթարկվել կասկածյալի կարգավիճակով, ապա հարցաքննվել էր որպես վկա՝ դեկտեմբերի 20-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի տարածքում կրակոցներով ուղեկցված միջադեպի առնչությամբ:

«Դեպքի օրը ռեկտորն ինձ զանգահարեց, հրավիրեց համալսարանի առաջին հարկ, որտեղ նա կանգնած էր իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ և խնդրեց, որ օգնեմ խուլիգանություն արած անձանց գտնելու գործընթացում: Ես նայեցի կադրերը, ծանոթ դեմք չտեսա ու դրա մասին տեղեկացրեցի նրան: Եթե չլիներ այս դեպքը, ես իրավապահ մարմիների հետ որևէ հարաբերության մեջ չէի մտնի, չէի հարցաքննվի»,-նշեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը՝ ստացվում է իր մասին իրավապահներին ռեկտորն է հուշել, Դավիթ Ափոյանն ասաց.

«Փաստացի այդպես է ստացվում, ուրիշ որևէ ուղղությամբ չեն տանում խոսակցությունները: Երբ հետաքննող մարմնի ներկայացուցիչներն ինձ մոտ էին, տպավորություն ստեղծվեց, որ եկել էին այն տրամաբանությամբ, որ Դավիթ Ափոյանը թաքցնում է, ինֆորմացիայի է տիրապետում և չի փոխանցում»,-նշեց նա:

Անդրադառնալով իրեն բերման ենթարկելու կապակցությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով ոստիկանապետի հանձարարությամբ ծառայողական քննություն իրականացնելուն՝ Դավիթ Ափոյանն ասաց, որ փաստաբանի հետ հիմքերը կուսումնասիրեն և կհասկանան՝ իրենց բավարարում է, թե իրենք այլ հիմքով գործողությունների իրավաչափությունը կվիճարկեն, քանի որ իրեն բերման էին ենթարկվել ծանր հանցագործին բնորոշ ձևով այն պարագայում, երբ ինքը որևէ առնչություն չունի դեպքի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում: