Որոշումը կայացնում եմ ես, և դեռ չեմ որոշել՝ 13-րդ աշխատավարձը տրվելու է, թե չի տրվելու. Երևանի քաղաքապետ

22:03 • 25.12.19

Այսօր Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ նախորդ բյուջեով հաստատել էին 1.9 մլրդ դրամի չափով պարգևատրումների և խրախուսումների ֆոնդ, որն իրենք քննադատել էին. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները յուրաքանչյուր եռամսյակը մեկ ստացել էին պարգևավճարներ և դա, ըստ Խաժակյանի, սպասված աշխատավարձերի բարձրացմանը փոխարինող գործընթաց էր:

«Սակայն այժմ, երբ անգամ մասնավոր հիմնարկներում ստանում են 13-րդ աշխատավարձ, քաղաքապետարանի աշխատակիցներին դա չի տրամադրվելու:  Ո՞րն է տրամաբանությունը՝ նախատեսել բյուջեով այդքան մեծ գումար, քննադատվել և հետո էդ պարգևավճարը չտրամադրել»,- հարցրեց Խաժակյանը։

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն էլ պատասխանեց, որ 13-րդ աշխատավարձի գումարները բյուջեի մեջ են մտնում և պարգևատրումների համար առանձին հատկացումների հետ կապ չունեն։

Հարցին միջամտեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով. «Ես որոշումը դեռ չեմ կայացրել՝ 13-րդ աշխատավարձը տրվելու է, թե չի տրվելու, թե մասնակի է տրվելու։ Այդ որոշումը կայացնում եմ ես»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ այս պահին դեռ որոշում չկա: