Անկեղծ ասած, լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում կառավարության համար, բայց վերջնական արդյունքում ես գոհ եմ այս պրոցեսից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

21:02 • 25.12.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Վարչապետը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին գալիք տոների առթիվ, մաղթել առողջություն, երջանկություն և հաջողություններ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորել է գործընկերներին Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ և նշել, որ Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբևէ:

«Իհարկե, դրանից հետո եղել են դեպքեր, երբ կասկածի տակ են դրվել այդ հայտարարությունը և պնդումը: Եվ դրանից հետո այսպիսի մի պրակտիկա է ներդրվել Վլադիմիր Կարապետյանի նախաձեռնությամբ. երբ մենք օտարերկրյա այցերից վերադառնում ենք, վերադարձի ճանապարհին անպայման հրավիրում ենք պատվիրակությանն ուղեկցող լրագրողներին, ես միշտ այդ խոսակցությունն սկսում եմ հարցով՝ ես հետաքրքրվում եմ, թե արդյոք լրագրողների և լրատվամիջոցների ազատությունը Հայաստանի Հանրապետությունում որևէ կերպ սահմանափակվո՞ւմ է: Ուրախ եմ արձանագրել, որ դեռևս իմ այն նախնական հայտարարությանը հակասող տեղեկատվություն չեմ ստացել: Իհարկե, կան որոշակի խնդիրներ, և շատ է բարձրացվում այն հարցը, որ սոցիալական ցանցերում, այսպես ասած, ատելության խոսքի զոհ են դառնում լրատվամիջոցները և լրագրողները, ինչը, իհարկե, լուրջ խնդիր է: Բայց ես ուզում եմ ասել, որ այս առումով կառավարությունը և անձամբ ես գտնվում ենք ճշգրիտ նույն իրավիճակում, ինչ լրատվամիջոցները»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ  համաձայն է և պատրաստ՝ համատեղ այդ հարցով զբաղվելու:




Վարչապետն իր խոսքում անդրադարձել է նաև լրատվամիջոցների դեմ տեղի ունեցող հարձակումներին, լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտող դեպքերին.

«Ցավոք, նաև այդպիսի դեպքեր են արձանագրվել, ընթանում է հետաքննություն, քննություն, և ես համոզված եմ, որ բոլոր դեպքերը պատշաճ կքննվեն: Կարող եմ ընդամենը մի բան ասել՝ հնչում են կարծիքներ, որ գուցե թե այդպիսի հարձակումները կամ այդպիսի երևույթներն ուղղորդվում են, առավել ևս՝ կազմակերպվում իշխանությունների կողմից: Ես կարող եմ ասել, որ այդպիսի բան ուղղակի չի կարող լինել, և բացառվում է Հայաստանի Հանրապետությունում այդպիսի որևէ դրսևորում: Ուղղակի չի կարող լինել ի բնե, եկեք արձանագրենք: Ինչ վերաբերում է լրատվամիջոցների և կառավարության հարաբերություններին՝ անկեղծ ասած, լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում կառավարության համար, բայց վերջնական արդյունքում, այդ թվում՝ թող ներվի ինձ ասել կեղծ լուրերի տեսքով, շատ գոհ եմ այդ պրոցեսից: Ինչո՞ւ, որովհետև երբեմն այդ լուրերը հնարավորություն են ստեղծում կառավարության ներկայացուցիչների, իշխանության ներկայացուցիչների համար՝ խոսել հարցերի մասին, որոնք սովորական պայմաններում նույնիսկ խոսելու պատեհություն չէր լինի»,- ասել է նա և նշել, որ դա օգնում է, որպեսզի Կառավարությունը հասնի իր հռչակած նպատակներից կարևորագույնին՝ կառավարության գործունեության 100 տոկոսանոց թափանցիկությանը. «Եվ ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել՝ հանկարծ չմտածեք, թե կառավարության գործունեությունը 100 տոկոսով թափանցիկ է նույնիսկ վարչապետի համար, որովհետև ոչ թե անձից կախված, այլ պետք է արձանագրենք, որ որևէ անձ չի կարող այդքան ինֆորմացիայի տիրապետել: Չնայած այդ ամբողջ ինֆորմացիան ցանկացած պահի օրվա մեջ 24 ժամ հասանելի է լինում վարչապետին, բայց դա չի նշանակում, որ ով էլ լինի, այդ ամբողջ ինֆորմացիային կարող է տիրապետել: Եվ, հետևաբար, լրատվամիջոցների գործունեությունը մեզ օգնում է, որպեսզի որպես կառավարություն առավել թափանցիկ լինենք հանրության առաջ»:

ՀՀ Վարչապետը նշել է նաև, որ ԶԼՄժների գործունեությունն օգնում է, որ կառավարությունը, կառավարության բոլոր անդամները լինեն առավել պրոֆեսիոնալ, առավել կարող, առավել պատասխանատու և հաշվետվողական իրենց գործունեության մեջ:

«Ես ուզում եմ ընդգծել, որ իր բոլոր հայտնի և անհայտ թերություններով և բարդություններով հանդերձ ես շատ կարևոր եմ համարում այն գործունեությունը, որն այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացնում են լրատվամիջոցները: Ես համարում եմ դա օգտակար առաջին հերթին կառավարության համար, հանրության համար, որովհետև եթե մենք ազնիվ ենք, եթե մենք սկզբունքային ենք, եթե մենք հավատարիմ ենք ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորություններին, որևէ լուր, ի վերջո, չի կարող մեզ վնասել: Իսկ եթե որևէ լուր այս համատեքստում կարող է մեզ վնասել, դա առաջին հերթին մեր պրոբլեմն է, մեր թերությունն է, որի համար մենք, իհարկե, պետք է պատասխան տանք հանրության առաջ առաջին հերթին: Ես ուզում եմ այս առումով շնորհակալություն հայտնել բոլոր լրատվամիջոցներին, որոնք աշխատում են և իրականացնում են հանրային վերահսկողություն կառավարության և ընդհանրապես իշխանության գործունեության նկատմամբ: Այդ քննադատությունները մեզ օգնում են, որ մենք լինենք առավել հղկված, առավել ճշգրիտ, առավել արդյունավետ: Այս մեկուկես տարվա արդյունքներով ես կարող եմ ասել, որ անձամբ ես էլ զգում եմ այդ դրական ազդեցությունը հենց կոնկրետ իմ գործունեության մեջ և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ գործունեության համար: Բայց նաև չեմ ուզում տպավորություն ստացվի, թե ես մտածում եմ, թե ամեն ինչ պետք է թողնել հենց այնպես, ինչպես կա, որովհետև երբ մենք կարևորում ենք իշխանության թափանցիկությունը և այդ թափանցիկությունն ապահովող գործոնը, գործիքը զանգվածային լրատվամիջոցներն են, հարց՝ իսկ արդյոք տրամաբանակա՞ն չէ, որ հանրությունը նույնկերպ թափանցիկություն ակնկալի զանգվածային լրատվության միջոցներից»,- ընդգծել է Փաշինյանը և հավելել, որ սա  նույնքան լեգիտիմ ակնկալիք է, որքան կառավարության, իշխանության, բարձրաստիճան պաշտոնյաների թափանցիկության ակնկալիքը:

Այնուհետև Փաշինյանն անդրադարձել է իր՝ լրագրողի և խմբագրի գործունեությանը.

«Ես երկար տարիներ եղել եմ լրագրող և խմբագիր, այսինքն՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելուց առաջ ես որևէ այլ գործունեությամբ չեմ զբաղվել: Եվ ուզում եմ ասել, որ համարում եմ և համոզված եմ, որ չեմ եղել ավելի լավ լրագրող, քան այսօր Հայաաստանի Հանրապետությունում գործող որևէ լրագրող, չեմ եղել ավելի լավ խմբագիր, քան այսօր Հայաաստանի Հանրապետությունում գործող որևէ խմբագիր: Բայց կարող եմ վստահ ասել, որ ժամանակները, որում ես եմ աշխատել լրագրող և խմբագիր, կամ՝ ժամանակները, որոնցում դուք եք աշխատում լրագրող կամ խմբագիր, շատ ավելի լավն են, քան այն ժամանակները, որոնցում ես եմ աշխատել լրագրող և խմբագիր: Եվ ես սա ասում եմ ընդամենը արձանագրելու համար, որ, կարծում եմ, արժե օգտվել լավ ժամանակների այս հնարավորությունից՝ մեր բոլորի աշխատանքն ավելի լավը դարձնելու համար: Որովհետև գիտեք ժամանակների տարբերությունն ինչո՞ւմն է՝ իմ կարծիքով՝ Հայաստանում շատ կան մարմիններ, կազմակերպություններ, ես ասել եմ ընդհուպ նախարարություններ, ընդհուպ պաշտոնյաներ, որոնք այսօր աշխատում են այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ աշխատում էին 7 տարի առաջ կամ 3 տարի առաջ: Եվ այսօր Հայաստանում կան նաև լրատվամիջոցներ, որոնք աշխատում են այսօր այնպես, ինչպես 7 կամ 3 կամ 10 տարի առաջվա տրամաբանությամբ: Ես չեմ ուզում ասել դա լրատվամիջոցների մասով, կառավարության մասով հստակ արտահայտվել եմ, որ շատ վատ եմ համարում և չեմ հանդուրժի: Լրատվամիջոցների առումով չեմ ուզում որևէ գնահատական տալ, որովհետև դա յուրաքանչյուրի ընտրության իրավունքն է: Բայց ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա, որ, այնուամենայնիվ, ժամանակն, կարծում եմ, շատ կարևոր է օգտագործել մեր զանգվածային լրատվության աշխատանքի առավել բարենպաստ միջավայր, առավել բարենպաստ միջավայրն օգտագործել ավելի լավ լրատվական դաշտ, ավելի լավ լրատվամիջոցներ և ավելի լավ լրատվական կուլտուրա ունենալու համար»,- ամփոփել է Փաշինյանը և նշել, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցների գործունեության համար կլինեն շատ ավելի լավ պայմաններ: