Բլումբերգի նախընտրական շտաբը ժամավճարով օգտագործել է բանտարկյալների աշխատուժը

03:37 • 25.12.19

ԱՄՆ նախագահական առաջիկա ընտրությունների թեկնածու, միլիարդատեր Մայքլ Բլումբերգի նախընտրական շտաբը ժամավճարով օգտագործել է բանտարկյալների աշխատանքը: Այս մասին քաղաքական գործիչը երեքշաբթի խոստովանել է թվիթերյան գրառմամբ:

«Այսօր լրատվամիջոցներից մեկը ճիշտ է հաղորդել, որ մեր մատակարարողներից մեկի ենթակապալառու ընկերությունն իմ նախընտրական շտաբի անունից հեռախոսազանգեր կատարելու համար օգտագործել է բանտարկյալների աշխատուժը: Այդ մասին իմանալով՝ մենք անմիջապես դադարեցրել ենք այդ ընկերության հետ մեր հարաբերությունները»,- գրել է Բլումբերգը:

Նշվում է, որ ենթակապալառու ընկերությունը ուղղիչ կենտրոնի բանտարկյալներին աշխատանքի դիմաց վճարում էր յուրաքանչյուր ժամը 7.25 ԱՄՆ դոլարով:

Հիշեցնենք, որ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը գրանցվեց որպես Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու: Ընտրությունները կանցկացվեն հաջորդ տարի նոյեմբերի 3-ին: