Բրազիլիայի նախագահը խոստովանել է, որ իր նստավայրում ընկնելու պատճառով ժամանակավորապես կորցրել է հիշողությունը
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն խոստովանել է, որ իր նստավայրում երկուշաբթի երեկոյան ընկնելու պատճառով ժամանակավորապես կորցրել է հիշողությունը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Տարիքի հետ ավելի ենք երեխաների նմանվում: Երեկ իրոք անհաջող սայթաքեցի, հիշողությունս կորցրի, բայց, փառք Աստծո, ամեն բան լավ ավարտ ունեցավ»,- ասել է նա երեքշաբթի ուղիղ հեռարձակմամբ տված հարցազրույցի ժամանակ:
Երկուշաբթի երեկոյան Բոլսոնարուն ընկել է պաշտոնական նստավայրի հանդերձարանում և գլուխն ուժգին հարվածել, որից հետո նրան շտապ զինվորական հոսպիտալ են հասցրել:
«Մեջքիս վրա ընկա, հարվածն ուժեղ էր», - խոստովանել է նախագահը: Նրա խոսքով` հիշողության խանգարումը կարճաժամկետ բնույթ է կրել:
«Այսօր առավոտյան շատ բան վերականգնվել է: Օրինակ` չէի կարողանում հիշել, թե ինչ էի արել երեկ»,- մանրամասնել է պետության ղեկավարը, որին բժիշկները երեքշաբթի առավոտյան զինվորական հոսպիտալից դուրս գրելիս հանգիստ են նշանակել:
Չնայած բժիշկների խորհրդին` Բոլսոնարուն այդ նույն օրը մի շարք աշխատանքային հանդիպումներ է անցկացրել:
Ինչ վերաբերում է նրա ընդհանուր առողջական վիճակին` քաղաքական գործիչը հավաստիացրել է, որ իրեն լավ է զգում: Նա նաև հիշեցրել է նախորդ տարի դանակից ստացած վնասվածքի մասին, որի հետևանքները նրան թույլ չեն տալիս առաջվա ռեժիմով սպորտով զբաղվել:
«Հիմա միայն լողում եմ»,- ափսոսանքով նշել է Բոլսոնարուն:
2018 թվականի սեպտեմբերին, երբ Բոլսոնարուն դեռևս պետության ղեկավարի թեկնածու էր, Բրազիլիայի հարավ-արևելքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ դանակահարվել էր: Դեպքի վայրում ոստիկանությունը ձերբակալել էր 40-ամյա մի գործազուրկ տղամարդու, որը խոստովանել էր մեղքը, սակայն ավելի ուշ անմեղսունակ էր ճանաչվել և տեղափոխվել հոգեբուժարան: Բոլսոնարուն ավելի քան երեք շաբաթ է անցկացրել հիվանդանոցում և երկու վիրահատություն տարել:










