Չինաստանում հսկայական երկնաքարային խառնարան են հայտնաբերել
Չինաստանի հյուսիս-արևելքում գիտնականները երկնաքարի անկման հետևանքով առաջացած խառնարան են հայտնաբերել` 1850 մետր տրամագծով և 150 մետր խորությամբ: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին, հայտնագործությունն արվել է Հելյունցզյան նահանգում:
Նշվում է, որ հետազոտությունն իրականացվել է Չինաստանի Գիտությունների ակադեմիային կից Աշխարհաքիմիայի ինստիտուտի մասնագետների կողմից: Ինչպես նկարագրում են մասնագետները, գավաթաձև հարվածային խառնարանը, ընդհանուր առմամբ, լավ է պահպանվել. դրա ծայրերի միայն մեկ երրորդն է քանդվել: Խառնարանի մակերեսի մեծ մասում սպիտակ կեչի է աճում:
Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ խառնարանն ի հայտ է եկել Մեզոզոյան դարաշրջանի վերջին փուլում: Բացի այդ, խառնարանի հատակին հայտնաբերված հետքերը վկայում են այն մասին, որ ժամանակին այնտեղ լիճ է եղել, որն անհետացել է 10 000 տարի առաջ:










