«Հրապարակում Ձմեռ Պապիկը փող ուզելու իրավունք չունի, եթե լինի նման դեպք, ոստիկանությանն ասել եմ՝ անմիջապես ձերբակալեք». Երևանի փոխքաղաքապետ
Հրապարակում որևէ ձմեռ պապիկ իրավունք չունի քաղաքացուց գումար ուզելու: Այս մասին այսօր Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանն առ այն, որ այդպիսի դեպք է արձանագրվել:
«Ոստիկանությանն ասել եմ, որ խիստ արձագանք տա նման դեպքում: Ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկը գնում և փորձում է այնտեղ կողքից փող աշխատել: Չկա տենց բան: Ձյունանուշիկներն ու Ձմեռ պապիկները, որոնք մեզ մոտ քասթինգով անցել են, իրենք ևս փող ուզելու իրավունք չունեն»,-ասաց փոխքաղաքապետը:
Քաղաքապետ Հայկ Մարությանի դիտարկմանը, թե ստացվում է, որ ինչ-որ մեկը Ձմեռ պապի շորով այնտեղ ժամանա՞կ է անցկացնում, փոխքաղաքապետը պատասխանեց.
«Այդ հարցն ինձ էլ էր տանջում երկու օր, մինչև նրանցից մեկի հետ երկար զրույցից պարզեցի: Ասում է՝ մենք գալիս ենք, մի երկու ժամ էստեղ աշխատում ենք, որի արդյունքում աչքի ենք ընկնում, և ծնողները մեզ հաճախ հրավիրում են տուն, պայմանավորվածություն են ձեռք բերում: Այսինքն թեյավճարի սկզբունք կարող է լինել, բայց փող ուզելու իրավունք չունեն, որովհետև իրենց քասթինգն անցնում է քաղաքապետարանում: Դա շատ հետաքրքիր պրոցես է: Իսկ փող ուզելու դեպքում, ես ոստիկանությանն ասել եմ՝ անմիջապես ձերբակալեք, որովհետև դա ապօրինի ձեռնարկատիրություն է»:










