Իշխանության կողմից ուղղորդված արշավներ են իրականացվում մեր իրական աջակիցների դեմ, բայց մենք միանշանակ հաջողություն ենք ունենալու. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

16:37 • 25.12.19

Այսօր իշխանության կողմից ուղղորդված արշավներ են իրականացվում մեր իրական աջակիցների դեմ, մեզ սատարող մարդկանց կամ ընդհանրապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր կողմ են արտահայտվում իրավական պետություն ունենալուն, արդար դատավարությանը: Այս մասին այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքի ժամանակ ասաց նրա որդին՝ Լևոն Քոչարյանը:

«Այս հսկայական կեղտոտ հարձակումները վկայում են նրա մասին, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչնչի առջև չի ուզում կանգնել: Միևնույն է, չնայած իրենց այդ գործելաոճին, այսքան մարդու մեզ միանալը, աջակցելը, իհարկե, վստահություն է տալիս: Հետևողակորեն շարունակելու ենք նույն գիծը և միանշանակ հաջողություն ենք ունենալու: Նաև վստահությունը նրանից է, որ դու գիտես՝ ոչ մի սխալ բան չի արվել, այսինքն, մենք գիտենք մեղադրանքների փուչ էությունը: Ի վերջո, այս կեղծիքն ինչ-որ տեղ ավարտվելու է»,- նշեց Լևոն Քոչարյանը:

Հարցին, թե կարողանում եք հանգիստ շրջել Երևանում, զրուցել մարդկանց հետ՝ տրամադրությունները հասկանալու համար, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Ես երբեք որևէ տեղ չեմ շրջել թիկնապահներով, երբեք չեմ ունեցել թիկնապահներ, դրա խնդիրը չեմ ունեցել: Մենակ կամ իմ բալիկների, կնոջս հետ քայլել եմ Երևանի փողոցներում, սրճարաններ եմ այցելել: Երբեք նման խնդիր չեմ ունեցել, հիմա առավելևս»:

Մանրամասները՝ տեսանյութում: