«Ջերմուկ Գրուպը» Երևանի քաղաքապետարանին նվիրել է ոչ թե 10, այլ 2 ավտոմեքենա. Հայկ Մարության

17:03 • 25.12.19

Ապատեղեկատվություն է տեղեկությունը, որ ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը ձնամաքրող 10 մեքենա է նվիրել քաղաքապետարանին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետն ասաց, որ տեղյակ չէ՝ նախկին պատգամավորը կապ ունի «Ջերմուկ Գրուպ» ՍՊԸ-ի հետ, թե ոչ, բայց ընկերությունը 2 ավտոմեքենա է նվիրել քաղաքապետարանին:

«Մենք իրենց հետ եռակողմ պայմանագիր ունենք կնքած նվիրատվության մասին, 5 մեքենայի մասով, բայց այս պահին 2 մեքենա են մեզ նվեր տվել և քանի որ քիչ առաջ է տեղի ունեցել ընդունումն ու հանձնումը, այսօր կհրապարակենք այդ մասին: Մնացած 3-ի մասին կկարողանանք տեղեկություն տալ այն ժամանակ, երբ լինի նվերի փոխանցումը»,- ասաց քաղաքապետը:

Լրագրողի դիտարկմանը, որ ավտոմեքենաները նվիրում են բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու դիմաց, քաղաքապետն ասաց, որ նվերներն ու կառուցումներն իրար հետ ոչ մի կապ չունեն:

«Այո, այդ մարդիկ գործունեություն են ծավալում Երևանում, ամբողջ աշխարհում սոցիալական պատասխանատվության ծրագրերը, որոնք իրականացվում են, իրականացվում են հենց այն ընկերությունների կողմից, որոնք տվյալ վայրում գործունեություն են ծավալում, որը շատ բնական է»,- ասաց քաղաքապետը: