Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ելցինի նախկին խորհրդականի հարցազրույցը Ելցին-Պուտին հարաբերությունների մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի նախկին խորհրդական Վալենտին Յումաշևի հարցազրույցը, որտեղ վերջինս ներկայացրել է 1990-ականներին Ռուսաստանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:
Պեսկովն ասել է, որ հնարավորություն չի ունեցել ծանոթանալու նախկին պաշտոնյայի հարցազրույցի ամբողջական տարբերակին:
«Նախագահը նույնպես հնարավորություն չի ունեցել ծանոթանալու: Այդ իսկ պատճառով ես ֆիզիկապես չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Պուտինը հնարավորություն չունի ծանոթանալու ամեն մի հարցազրույցի:
Պեսկովն ընդգծել է նաև, որ Ռուսաստանի նորագույն պատմության վերաբերյալ շատ քննարկումներ են տեղի ունենում:
Ավելի վաղ դեկտեմբերին Կրեմլում հրաժարվել էին մեկնաբանել Վալենտին Յումաշևի հարցազրույցը լրագրող Վլադիմիր Պոզներին: Այդ հարցազրույցի ժամանակ քննարկվում էր, թե ինչու 1999 թվականին Բորիս Ելցինն իր իրավահաջորդ ընտրեց Վլադիմիր Պուտինին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առաջին նախագահի խորհրդական Վալենտին Յումաշևը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում պատմել է, որ Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը 1999 թվականին նախագահի պաշտոնից հեռանալուց առաջ Վլադիմիր Պուտինին միայն մի բան է խնդրել՝ «պահպանել երկիրը»:










