Իրավապահներից պահանջում ենք բացահայտել և պատասխանատվության ենթարկել «Կենտրոն» ՀԸ–ի աշխատակիցների վրա հարձակված բոլոր մեղավորներին. հայտարարություն

13:30 • 25.12.19

Լուսանկարում «Կենտրոն» ՀԸ–ի աշխատակիցների աշխատանքը խոչընդոտած անձանցից մեկն է 


Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում իրենց վրդովմունքն են հայտնում «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի վրա երեկ կատարված հարձակման վերաբերյալ, ինչպես նաև իրավապահ մարմիններից պահանջում միջոցներ ձեռնարկել բոլոր մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Հայտարարությունում ասվում է.

«Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, Արարատի մարզի Հովտաշեն համայնքում մի քանի տասնյակ բնակիչներ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանի և օպերատոր Սիմիկ Մայիլյանի վրա, հարվածել նրանց, վնասել տեսախցիկը։ Նկարահանող խմբին հաջողվել է փրկել տեղի ունեցածին վերաբերող նկարահանված կադրերի մի մասը, որոնցում պարզորոշ երևում է բռնության փաստը։

«Էպիկենտրոն» լրատվական գործակալության տնօրեն Վարդուհի Մելտոնյանի փոխանցմամբ, «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցներն, ի թիվս այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների, գնացել էին Հովտաշեն՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող ձկնաբուծարանի շուրջ ծագած խնդիրները լուսաբանելու։ Պահպանված կադրերում երևում է, որ բնակիչների կողմից հարձակումը եղել է թիրախավորված և նպատակ է ունեցել խոչընդոտել հենց տվյալ հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատանքը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում լրագրողական մասնագիտական գործունեության խոչընդոտման և սանձազերծված բռնության կապակցությամբ։ Իրավապահ մարմիններից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել բոլոր մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երևանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան

Հանրային լրագրության ակումբ

«Լրագրողներ հանուն ապագայի» հկ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ

Գորիսի մամուլի ակումբ