Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդականը դատի է տվել վերջինիս

02:29 • 25.12.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդատուն դատի է տվել նրան: Կին խորհրդատուն պնդում է, որ իրեն հղիության պատճառով աշխատանքի չեն ընդունել Սպիտակ տանը: Ինչպես հաղորդում է ТАСС-ը՝ այս մասին գրված է Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դաշնային դատարանի էլեկտրոնային բազայում հրապարակված նյութերում:

Հաղորդվում է, որ խոսքը Ֆլորիդա նահանգի բնակչուհի Արլին Դելգադոյի մասին է: Նա Թրամփի նախընտրական շտաբում 2016-ի սեպտեմբերի 1-ից 2017-ի հունվարի 20-ն աշխատում էր որպես լատինաամերիկյան ծագմամբ ընտրողներին վերաբերող հարցերով ավագ խորհրդատու:

Դելգադոյի խոսքով՝ 2016-ի նոյեմբերին ինքն իմացել է, որ երեխայի է սպասում իր վերադասից՝ Ջեյսոն Միլլերից: Վերջինս Թրամփի շտաբի պաշտոնական ներկայացուցիչն էր:

Դելգադոյին Թրամփի նախընտրական թիմի ղեկավարներն իբր հայտնել են, որ նա Սպիտակ տանը պաշտոն չի ստանա հղիության պատճառով, իսկ ավելի ուշ կինն աշխատանքից ազատվել է: Դելգադոն որդի է ունեցել:

Կինը ենթադրում է, որ խտրականության զոհ է դարձել և այժմ փոխհատուցում է պահանջում: Փոխհատուցման համար ենթակա գումարի չափը կորոշի դատարանը: Այս գործով որպես պատասխանող կողմ են ներկայացվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և վերջինիս նախընտրական շտաբի մի շարք նախկին ղեկավարներ: