Թուրքիան 17 մլն դոլար կտրամադրի Վրաստանին՝ պաշտպանության ոլորտի զարգացման համար

14:05 • 25.12.19

Անկարայում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է իր վրացի գործընկեր Իրաքլի Ղարիբաշվիլիին: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը: 

Պաշտոնական արարողությունից հետո նախարարները երկկողմ հանդիպում են ունեցել և քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:

Իրաքլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Հուլուսի Աքարին՝ Թուրքիայի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու և Վրաստանի՝ եվրաինտեգրման գործում Թուրքիայի ունեցած դերի համար: Նա թուրքական կողմին ծանոթացրել է Վրաստանի պաշտպանական համակարգի վերափոխումներին, որոնք ուղղված են ՆԱՏՕ-ի հետ օպերատիվ համատեղելիության մակարդակի բարձրացմանը և Վրաստանի պաշտպանունակության բարձրացմանը:

Կողմերը քննարկել են նաև Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության կարևորության և այդ ուղղությամբ համագործակցությունը խորացնելու հարցը: Քննարկվել է նաև Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության հարցը:

Երկկողմ հանդիպումից հետո տեղի է ունեցել նախարարների գլխավորած պատվիրակությունների կազմով ընդլայնված հանդիպում՝ քննարկելու համար երկկողմ համագործակցությունն ու հետագա քայլերը:

Ընդլայնված հանդիպումից հետո Ղարիբաշվիլին և Աքարը ստորագրել են համաձայնագիր՝ Թուրքիայի և Վրաստանի կառավարությունների միջև ռազմաֆինանսական համագործակցության վերաբերյալ: Ըստ համաձայնագրի՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Վրաստանին տրամադրելու է 100 միլիոն թուրքական լիրայի (մոտ 17 միլիոն դոլար) չափով դրամաշնորհ:

Այցի ընթացքում վրացական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գերեզմանին և այցելել է նրա թանգարան: