Թուրքիան օրինագիծ է մշակում, որը թույլ կտա զորքեր ուղարկել Լիբիա. Էրդողանի ներկայացուցիչ
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը նոր օրինագիծ է մշակում, որն ապագայում Անկարային թույլ կտա Լիբիա զորքեր ուղարկել: Այս մասին Թուրքիայի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ երեքշաբթի հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը, գրում է ТАСС-ը:
«Մեզ միգուցե օրինագիծ պետք կլինի, որը թույլ կտա զորքեր ուղարկել Լիբիա: Խորհրդարանն այդ ուղղությամբ աշխատում է»,- ասել է Էրդողանի ներկայացուցիչը:
Կալընը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանն ուղված ռազմական օգնության բնույթը պայմանավորված կլինի տարբեր հանգամանքներով. «Դա կարող է լինել զինվորականների ուսուցում, ինչպես նաև հումանիտար առաքելություններ»,- հավելել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը, այդ թվում՝ այնտեղ ուղարկել իր զինվորականներին, միևնույն ժամանակ Անկարան չի ընդունում լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին որպես օրինական ղեկավար:
Տեղեկությունների համաձայն՝ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունն ինքն է օգնություն խնդրել Թուրքիայից:
Օրեր առաջ լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր Տրիպոլիի համար «վճռական մարտի» մասին: Հաֆթարի հայտարարությունից հետո բանակը սկսել էր ակտիվորեն հարձակումներ գործել Ֆաիզ Սարաջի գլխավորած Ազգային համաձայնության կառավարությանը հավատարիմ կազմավորումների վրա, հետ էր մղել հակառակորդի դիրքերը երկրի գլխավոր քաղաքի ծայրամասերում և մտել էր Տրիպոլի:










