Զամբիայում ԱՄՆ դեսպանին հետ են կանչել՝ նույնասեռականներին պաշտպանելու պատճառով
Զամբիայում ԱՄՆ դեսպանին հետ են կանչել այն բանից հետո, երբ նա խոսել է նույնասեռականների իրավունքների պաշտպանությունից: Այս մասին տեղեկացնում է The New York Times պարբերականը:
Նշվում է, որ դիվանագետ Դենիել Ֆուտը դադարեցրել է իր պարտականությունների կատարումը՝ Զամբիայի իշխանություններին նույնասեռական զույգի ձերբակալության համար քննադատելուց հետո:
Զամբիայի կառավարությունը զույգին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ «բնության դեմ հանցանքի» համար:
Նշվում է, որ Ֆուտի քննադատությունից հետո նրա վրա բարկության ալիք են թափել Զամբիայի իշխանությունները: Երկրի նախագահ Էդգար Լունգուն հայտարարել է, որ չի ցանկանում տեսնել դիվանագետին: Նա նշել է, որ իրեն չի վախեցնում անգամ ԱՄՆ-ի կողմից 500 միլիոն դոլարի օգնության չեղարկումը:
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Ֆուտն այլևս չի կարող զբաղեցնել իր պաշտոնը: Նշվում է նաև, որ Ֆուտը մոտ է Զամբիայում «անցանկալի անձ» հայտարարվելուն:
Ֆուտը Զամբիայում ԱՄՆ դեսպան էր նշանակվել 2017 թվականի նոյեմբերին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:










