Իշխանությունները փորձում են որոշ լրատվամիջոցների հանդեպ թիրախավորված անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորել. սա «սևի» և «սպիտակի» անդունդը խորացնելու ճանապարհ է. Ն. Զոհրաբյան

12:10 • 25.12.19

Իշխանությունների կողմից փորձ է արվում որոշ լրատվամիջոցների հանդեպ թիրախավորված անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորել, և սա շատ վատ ճանապարհ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ «Կենտրոն»  հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի լրագրողական գործունեության խոչընդոտմանը:

««Կենտրոն» ՀԸ-ի լրագրողը պատշաճ կերպով ներկայացրեց, որ կատարում է իր լրագրողական պարտականությունները, դրան հետևեցին վիրավորանքները. լրագրողական գործունեության խոչընդոտման ակնհայտ փորձ էր»,-նշեց Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց օրերս «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ներխուժումը, «Հայելի» մամուլի ակումբի վրա ձվերով հարձակումը՝ նշելով, թե նման գործողությունները երկրում արդեն իսկ ձևավորված և ամեն օր էլ ավելի խորացող «սևի» և «սպիտակի», անհանդուրժողականության և փոխադարձ ատելության անդունդը խորացնելու ճանապարհն են, և պետք է կանգ առնել:

«Խոսքի ազատությունը նորանկախ Հայաստանի եզակի ձեռքբերումներից մեկը կարելի է համարել, և ցանկացած լրատվամիջոցի հանդեպ ոտնձգությունը՝ անկախ նրանից, թե այդ լրատվամիջոցը իշխանությունների քիմքին հաճո՞ է, թե ոչ, պետք է օր առաջ դատապարտվի, և իրավապահները զբաղվեն այդ խնդրով»:

Պատգամավորի խոսքով՝ ազատ խոսքի հանդեպ ճնշումները առկա են նաև առցանց տիրույթում: Ինքն էլ՝ որպես պատգամավոր, «ֆեյքային»՝ կեղծ օգտահաշիվների  հարձակումների է ենթարկվում:

«Միայն այն բանի համար, որ ես համարձակվում եմ ասել, որ իշխանության այս կամ այն ներկայացուցիչն իր աշխատանքը վատ է կատարում, իշխանական «ֆեյքինդուստրիան» հարձակում է կատարում: «Ֆեյքերն» աշխատում են օր ու գիշեր՝ առանց հանգստի»,-ասաց Զոհրաբյանը՝ նշելով, թե այդ երևույթը ևս նպաստում է երկրում ատելության ու անհանդուրժողականության ձևավորմանը:

Պատգամավորի խոսքով՝ եթե հատվեն «կարմիր գծերը», երկիրը պարզապես շատ վատ տեղ է գնալու: