Աֆղանստանում առևանգել են խաղաղության համար շարժման 26 ակտիվիստի
Աֆղանստանի արևմուտքում ծայրահեղ իսլամիստական «Թալիբան» խմբավորումն առևանգել է Ժողովրդական խաղաղության շարժման 26 ակտիվիստի: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Ոստիկանության տվյալներով՝ զինյալները դարանակալել են Ֆարահ նահանգի Բալա Բուլուք շրջանում: Նրանք առևանգել են ավտոշարասյան 6 մեքենա, որոնցում գտնվել են ակտիվիստները:
Խաղաղության համար շարժման անդամներից Բիսմիլահ Վատանդոստը նշել է 27 առևանգվածի մասին: Նրա խոսքով՝ փորձեր են արվել կապ հաստատել թալիբների հետ, որպեսզի բանակցեն առևանգվածներին ազատ արձակելու հարցով, սական շրջանում հեռախոսային կապը չի գործում, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը:
Ֆարահում գործող թալիբները չեն ստանձնել առևանգման պատասխանատվությունը:
Առևանգվածների որոնման և ազատման համար հատուկ գործողություն է սկսվել:










