ՍԴ դատավորների վաղաժամ թոշակի անցնելու օրենքը ստորագրելով՝ Արմեն Սարգսյանն անմիջական պատասխանատվություն ստանձնեց ՀՀ–ում սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողության համար. Կարեն Բեքարյան

16:10 • 26.12.19

Քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթի ստորագրմանը, որով առաջարկվում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ դատավորներին ժամկետից շուտ ուղարկել թոշակի: Գրառման մեջ ասվում է.

«Մարդը, ով ներկայանում է որպես ՀՀ նախագահ, այսօր չափազանց կարևոր քայլ կատարեց: Նա ստորագրեց օրենք, դրանով անմիջական և անձնական պատասխանատվություն ստանձնելով Հայաստանում սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողության համար:

Քայլն իրոք կարևոր է, քանի որ նշված ստորագրությունը հավասարազոր է ինքնախոստովանության:

Հեռու չէ այն օրը, երբ օրենքի ողջ խստությամբ նա պատասխանատվություն կկրի և հանցավոր գործունեության, և (կամ) հանցավոր անգործության համար…

Ցավով, մեկ անգամ ևս հայցում եմ մեր քաղաքացիների և ազգակիցների ներողամտությունը՝ ԱԺ- ում նրա թեկնածությանը կողմ քվեարկելու համար»: