Չինաստանում բժիշկները վիրահատության ընթացքում հաճախորդից հավելյալ գումար են պահանջել` հրաժարվելով ավարտին հասցնել գործընթացը

04:49 • 26.12.19

Չինաստանի իրավապահ մարմինները հետաքննում են Ինչուան քաղաքի մասնավոր հիվանդանոցներից մեկում գրանցված դեպքերը, երբ վիրաբույժները վիրահատության ժամանակ հաճախորդներից հավելյալ գումար են պահանջել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրը հայտնում է, որ բժիշկները հրաժարվել են շարունակել վիրահատությունը և հաճախորդին հայտնել են, որ այլ հիվանդություններ են հայտնաբերել և անհրաժեշտ է հավելյալ գումար` «նոր» հիվանդությունները ևս նույն պահին բուժելու համար:

Հաճախորդը պատմել է, որ իր վիրահատության գումարը կազմել է 1,8 հազար յուան, սակայն վիրահատությունն ավարտին է հասցվել միայն այն ժամանակ, երբ նա հիվանդանոցի հաշվեհամարին է փոխանցել ևս 58 հազար յուան:

Մեկ այլ հաճախորդ, որը հայտնվել է նմանատիպ իրավիճակում, հրաժարվել է հավելյալ բուժումից: Դրանից հետո նա դիմել է մեկ այլ հիվանդանոց, որտեղ հերքվել է վիրահատական միջամտություն պահանջող «սարսափելի ախտորոշումը»: Տասնյակ հաճախորդների բողոքների հիման վրա ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Պարզվել է, որ կլինիկայի ղեկավարությանը հովանավորում է քաղաքի առողջապահական հանձնաժողովի նախագահը: Պաշտոնյան տուգանվել է և հեռացվել աշխատանքից: Ձերբակալվել է հիվանդանոցի 11 աշխատակից` հիվանդներից գումար շորթելու մեղադրանքով: