Կալինինգրադի բնակիչը շանը կախել է ծառից, քանի որ չի կարողացել կենդանու համար նոր տեր գտնել

17:12 • 26.12.19

ՌԴ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել տղամարդու դեմ, որը Կալինինգրադի մարզի Պիոներսկիյ քաղաքում շանը կախել է ծառից, քանի որ չի կարողացել կենդանու համար նոր տեր գտնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Դեկտեմբերի 9-ին սատկած շանը հայտնաբերել է քաղաքի մի բնակչուհի և դիմել ոստիկանական բաժանմունք: Տեղամասային լիազոր անձինք պարզել են կասկածյալի ինքնությունը, որն էլ իր հերթին ոստիկանությանը հայտնել է, որ ալաբայ և հասկի ցեղատեսակի շների ինը ամսական խառնուրդն իր մոտ ծանոթներն են թողել` խնդրելով կենդանու համար նոր տեր գտնել: Տղամարդը չի կարողացել շան համար նոր տեր գտնել, ինչի պատճառով որոշել է ազատվել կենդանուց:

«Ներկայում քրեական գործ է հարուցվել նախկինում գողության համար դատապարտված անձի նկատմամբ՝  Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար (կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք, որը մահվան է հանգեցնում)»,- հայտնել է ոստիկանությունը:

2017-ի վերջին օրենք է ընդունվել` խստացնելով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար հասանելիք քրեական պատիժը, որը ենթադրում է մինչև հինգ տարի ազատազրկում:

Նախկինում կենդանիների դեմ կատարված հանցագործությունների համար հասանելիք ազատազրկման առավելագույն ժամկետը երկու տարին էր, սակայն իրականում հազվադեպ մարդիկ են իրապես պատժվել: