Արթուր Աջամյանի հարազատները հանդիպեցին վարչապետի հետ, վերջինս խոստացավ զինծառայողի մահվան հանգամանքների արդարացի քննություն (տեսանյութ)
15:12
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին:
Վարչապետն ընդգծեց՝ տեղի է ունեցել ողբերգություն: Նա խոստացավ՝ ամեն ինչ արվելու է, որ քննությունն օբյեկտիվ լինի:
Աջամյանի պապն ասաց՝ իրենք այս ամենն արել են, որ նման դեպքերը չկրկնվեն: Ըստ նրա՝ եթե հիմա անողը պատժվի, էլ չեն կրկնվի նման դեպքերը:
«Դեպքերը լինում են, որովհետև մեր երեխեքը շարունակում են քուչեքում գողական արժեքներով ապրել, արժանապատվության աղավաղված զգացում ունեն, մարդու կյանքը չեն գնահատում: Բա որ փողոցներում գողականներին որպես լավ օրինակ ենք ցույց տալիս, բա չե՞նք մտածում՝ դա ինչպես է հետագայում արտահայտվելու»,- արձագանքեց վարչապետը և հարցրեց՝ կարո՞ղ է պաշտպանության նախարարը կամ վարչապետը գնալ ամեն զինվորի կողքին կանգնել:
Զինծառայողի պապն էլ հակադարձեց՝ եթե նախարարը խիստ լինի, այդպես չի լինի: «Եթե մի ընտանիքի գլխավորը թույլ եղավ, այդ տան մեջ ամեն ինչ կարա լինի, նույնն էլ բանակում է»,- ասաց նա:
Վարչապետն էլ պատասխանեց՝ ոչ մեկը թույլ չէ:
«Այդ երեխեքը չեն կարող իրենց թաղում, փողոցում, քուչում, դպրոցում այլ կերպ դաստիարակվել, գնալ բանակ, մեկ օրում դառնալ այլ կերպ, ոչ էլ երկու տարում կարող են: Մեր երեխեքը հարաբերությունների աղավաղված պատկերացում ունեն: Դրա համար մենք էսօր բոլոր լուծումներով տանում ենք նրան, որ մարդը մարդու կյանքը գնահատել իմանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Զինծառայողի պապն էլ նշեց, որ իրենց 26 օր է՝ ոչ ոք ոչինչ չի ասում: Իսկ իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանն էլ ասաց, որ հոսպիտալի տնօրենը իրեն թույլ չի տալիս հանդիպել վիրավոր զինծառայողի հետ, նաև տեղեկություն չի տալիս նրա առողջության վերաբերյալ:
Փաշինյանն էլ ներկայացուցչին ասաց. «իսկ ինչո՞ւ Դուք պետք է հանդիպեք նրա հետ: Հոսպիտալի տնօրենը զինվորական է, ոչ թե հասարակայնության կապերի բաժնի աշխատակից»:
Ապա նա դիմեց օգնականին՝ Նաիրի Սարգսյանի և հանձնարարեց պատրաստել տեղեկանք, որով գործի վերաբերյալ նախաքննության գաղտնիք չպարունակող ամբողջ տեղեկությունը կլինի և այն իր ծանոթանալուց հետո փոխանցել հարազատներին:
«Ես ձեզնից, որպես երկրին զինվոր տված ընտանիքի անդամների, պաշտոնապես ներողություն եմ խնդրում, որ մենք չենք կարողացել դեռևս ձեր բարձրացրած խնդիրները լուծել, որ այս վիճակում չհայտնվենք: Ամեն ինչ կարվի, որ այս գործը լուծվի, չկասկածե՛ք»,- ասաց նա:
14։27
Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները ոստիկաններից հետաքրքրվեցին՝ արդյոք հետիոտնի համար նախատեսված անցումով կարող են անցնել գնալ, դա արդյո՞ք օրենքի խախտում է, ոստիկանը պատասխանեց՝ ոչ: Ապա, հարազտաներից մեկը գնաց նստեց մեքենայի դիմացը, սակայն նրան ոստիկանները հեռացրին փողոցից: Նորից հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև:
Ի վերջո, ֆիզիկական ուժ գործադրելով, ոստիկանները բացեցին ճանապարհը: Զոհված զինծառայողի պապը նշեց, որ հինգ րոպե բացեն ճանապարհը, մինչև կորոշվի՝ հանդիպում է վարչապետը իրենց հետ, թե ոչ:
Նախնական տվյալներով՝ երկու հոգի բերման է ենթարկվել:
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը նորից իջավ ցուցարարների մոտ, ինչից հետո զոհված զինծառայողի պապը, հորեղբայրը, մայրը և իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը բարձրացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հանդիպման:
14։03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը զոհված զինծառայողի հարազատներին փոխանցեց, որ վարչապետը, իմանալով, որ փողոց են փակել, մտափոխվեց և չի ցանկանում հանդիպել նրանց հետ։ Իրենց պահանջները կարող են փոխանցել միայն իր միջոցով։ Զինծառայողի հարազատները հրաժարվեցին առաջարկից՝ նշելով, որ փողոց փակելու ճանապարհով ձայնը լսելի դարձնելու միջոցը սովորել են հենց վարչապետից։
13:38
Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները փակել են Տիգրան Մեծի պողոտան և պահանջում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գա իրենց հետ հանդիպման:
«Ես պետք է պատճառն իմանամ, թե ինչու են սպանել որդուս: Մինչև վարչապետը չգա, ճանապարհը փակ է լինելու»,- ասաց նա:
13։30
Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին հանդիպել է գործով քննիչը, սակայն հարազատները պնդում են, որ քննիչի հետ խոսելու բան չունեն:
«Այստեղ կսպասենք մինչև վարչապետը կգա: Քննիչի հետ մենք ամեն օր էլ հանդիպում ենք: Վարչապետը չկարողացավ նիստը դադարեցնել մի 15 րոպեով, մենք էստեղ 15 օր կսպասենք մինչև վարչապետը գա»,- ասաց զինծառայողի պապը:
Արթուր Աջամյանի մայրն էլ հավելեց. «Արյուն էլ թափվի, ես պետք է իր հետ խոսեմ, պետք լինի էստեղ էլ կպառկեմ»:
Նա նշեց՝ թող գա ներկայանա վարչապետը. «Տղամարդ չե՞ն, ինձ ի վերջո ասելո՞ւ են, ով է սպանել տղայիս: Եթե չասեն, ես էստեղ բենզին կլցնեմ վրաս, կվառեմ ինձ, թող երկրորդ զոհի համար պատասխան տան»:
12։54
Զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներից 4-ը հանդիպում են Կառավարության ներկայացուցչի հետ։
12:39
Զոհված զինծառայող Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ զինծառայողը վնասվածք է ունեցել ճակատային մասում, և գնդակը դուրս է եկել ծոծրակից՝ այսինքն` վերևից ներքև ուղղությամբ: «Այսինքն՝ տրամաբանությունից զուրկ է, որ ինքն իրեն կարող էր հարվածել: Նրան գտել են վիրավոր զինծառայողից 740 մետր հեռավորության վրա՝ փոսի մեջ»,- ասաց նա:
Հայարփի Սարգսյանը նշեց. «Ես այս պահի դրությամբ տեսնում եմ, որ պաշտպանության նախարարը թելադրում է Քննչական կոմիտեին: Նույնիսկ վիրավորի հարազատներին տրամադրել են մահացած զինծառայողի հարազատների դեմ: Ես այս պահին չեմ կարողանում մտնել հոսպիտալ և հարցնել, թե ինչպես է վիրավորը, որովհետև հրաժարվում են պատասխանելուց»:

12:15
Աջայանի մայրը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դիրքեր գնալուց առաջ խոսել է որդու հետ:
«Միշտ ասել է՝ իր հետ ամեն ինչ լավ է, աֆիցերները լավ են իր հետ: Ինչու սպանեցին երեխայիս: Անդրանիկ Քոչարյանը փափուկ բարձ դրեց գլխիս տակ, իսկ հիմա չի պատասխանում զանգերիս»,- ասաց նա:
Զինվորի մայրը նշեց, որ եթե իրեն ու իր վիշտը հարգում են, թող արդարությունը բացահայտեն:
12:12
Արթուր Աջամյանի հարազատները նշեցին, որ եթե մեկ ժամվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չիջավ, իրենք ճանապարհը կփակեն:
11:56
Կառավարության մոտ բողոքի ակցիա են իրականացնում 26 օր առաջ բանակում զոհված 21-ամյա Արթուր Աջամյանի հարազատները: Նրանք պահանջում են բացահայտել, թե ինչ հանգամանքներում է զոհվել Արթուր Աջամյանը:
Նրանք պնդում են, թե վաշտի հրամանատարն է իրենց երեխային սպանել։ Այնուհետև հարազատները ցանկացան մտնել Կառավարություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, ինչից հետո բախում տեղի ունեցավ ոստիկանների և հարազատների միջև: Նրանք ասում են՝ գնալու են երեխայի դին բերեն այստեղ:
Նրանց հետ հանդիպման եկավ կառավարության ներկայացուցիչը և ասաց, որ վարչապետը հիմա չի կարող իջնել քանի որ Կառավարության նիստ է: Հարազատները որոշեցին սպասել վարչապետին և նրան 10 րոպե ժամանակ տվեցին: «Եթե 10 րոպեից վարչապետը չգա, մենք փակելու ենք ճանապարհներ, դին ենք բերելու այստեղ»,- ասացին նրանք:










