Պետք չէ Ամանորին բոլոր հյուրերին ստիպել «ուտել խոզի բդից, որովհետև սա յուրահատուկ է», հետո սեղանին եղած ամեն ինչից պարտադիր փորձել՝ վիրավորվելու տրամաբանությամբ. վարչապետ
Ծխելուց ոչ պակաս վտանգավոր երևույթ համարվում է սխալ սնվելը, ինչը ամանորյա շրջանում մեզ համար պրոբլեմ է: Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ցանկանում եմ բոլոր քաղաքացիներին կոչ անել, ներողություն եմ խնդրում նման իրավունք վերապահելու համար, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ բոլոր հյուրերին ստիպել «ուտել խոզի բդից, որովհետև սա յուրահատուկ է», հետո սեղանին եղած ամեն ինչից պարտադիր փորձել, ընդ որում, վիրավորվելու տրամաբանությամբ, «բա էսքանը պատրաստել ենք, որ փչանա՞»: Ամանորին մարդկանց, քաղաքացիների ուտելու կարողությունները սահմանափակ են, պետք է դա հաշվի առնել»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ մենք ուզում ենք, որ տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնեն տոլմա փաթեթելով և այլ պրոցեսների վրա: «Տոլման և մնացած ամեն ինչ պետք է ուտել թարմ վիճակում, որովհետև որոշ ժամանակ անց այդ մթերքը վնասակար է: Մենք սուպերմարկետների դեմ կռիվ ենք տալիս, որ ժամկետանց մթերք չվաճառեն, բայց Նոր տարվան մեր հարազատներին ստիպում ենք, որ սրանից էլ պետք է ուտես, նրանից էլ ուտես, երեք օրվա ստալիչնի սալաթը, չորս օրվա բլինչիկը և 15 օրվա խոզի բուդը: Հարգելի քաղաքացիներ, պատրաստեք այնքան, որքան ռեալ է ուտել, և պետք չէ տոնակատարությունն անցկացնել սննդի դեպրեսիվ սեղանների շուրջ»,-կոչ արեց վարչապետը:










