Ուզում ենք Ամանորը Հայաստանում դարձնել հանրային տոն, որ մարդիկ այն միասին նշելու հարթակ ունենան. վարչապետ

12:25 • 26.12.19

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ամանորյա միջոցառումների համար 270 միլիոն դրամ հատկացնելուն և նկատեց, որ դա շատ մեծ քննարկումների տեղիք տվեց, թեև արդյունքում քննարկումները դադարեցին:

«Մենք պետական միջոցառումների ծախսման առավել երկար հետագիծ պետք է կարողանանք որդեգրել, որ պետական միջոցները ծախսվելիս իրենց հետևից ավելի մեծ արդյունք բերեն»,- ասաց նա և նշեց, որ սա մի հարց է, որը դեռ պետք է քննարկվի:

«Մենք խնդիր ենք դրել, որ Ամանորը նշելու մթնոլորտը որոշակի փոփոխություն կրի: Գիտեք, որ երկար տարիներ ՀՀ-ում ընդունված էր, որ մարդիկ Ամանորը նախընտրում էին նշել Հայաստանից դուրս, որովհետև Ամանորի նշելու այն պայմանները, որ կան, բազմաթիվ մարդկանց համար ստեղծում են անհարմարություններ, ու մենք խնդիր ենք դրել ստեղծել բոլորովին նոր պայմաններ ու ոչ թե Ամանորը լինի մի տոն, որտեղ մարդիկ հնարավորինս առանձնանում են ու էդպես են նշում, այլ մենք ուզում են Ամանորը Հայաստանում դարձնել հանրային տոն, որտեղ ժողովուրդը միասին նշելու հարթակ ունի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իրենք խնդիր են դրել ցույց տալու, որ Ամանորն ավելի շատ պետք է տրամադրության տոն սարքել, որ թե ուտելիքի տոն, որը վերածվում է հետո որոշակի դեպրեսիվ վիճակների: «Մենք այս տարի աշխատել ենք, որ Ամանորի մշակութային կյանքը լինի բավականին աշխույժ»,-ասաց նա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ մշակութային կյանքում Ամանորի օրերն աննախադեպ են լինելու և տարին ամփոփելու են դասական համերգով:

Նա ասաց, թե նախորդ տարիներին դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը Հայաստանում մշակութային կյանքը զրոյանում էր, իսկ այս տարի փոխվել է իրավիճակը:

Նա դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ին բոլոր քաղաքացիներին հրավիրեց Սպենդիարյանի անվան Օպերային թատրոն՝ դասական երաժշտություն լսելու և Նոր տարվա բացումն էլ անելու են նույնպիսի դասական համերգով: Նա հայտնեց, որ  հունվարի 1-ից սկսած մշակութային օջախները նույնպես աշխատելու են: «Բեմադրված է շուրջ 20 ներկայացում, որոնք նախատեսված են և մեծահասակների և  փոքրիկների համար»,-ասաց նա և կոչ արեց միմյանց ներկայացումների տոմսեր նվիրել և հայտնեց, որ ինքն էլ գործընկերներին նվիրել է «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրության տոմսեր՝ իր անձնական միջոցներից: