Հնդկաստանում անկարգությունների մասնակիցներից յուրաքանչյուրը 550 դոլար կվճարի՝ պետական գույքը փչացնելու համար

13:10 • 26.12.19

Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի ղեկավարությունը պարտավորեցրել է նահանգի ավելի քան 130 բնակիչների վճարել միջինը 38 հազարական ռուպի (մոտ 550 դոլար)՝ պետական գույքը փչացնելու համար, որն իրականացվել է վերջերս տեղի ունեցած՝ քաղաքացիության մասին օրենքում փոփոխությունների պատճառով անկարգությունների շրջանակում: Այս մասին տեղեկացնում է Times of India թերթը:

Թերթի տվյալների համաձայն՝ մասնագետները պետական գույքի վնասը գնահատել են մոտ 5 միլիոն ռուպի (70 000 դոլար:): Թերթը նշում է նաև, որ այն մարդկանցից, ովքեր կհրաժարվեն վճարել, կառգրավվի ունեցվածքը:

«Սա ուղղված է միայն այն մարդկանց, որոնք նկատվել են տեսախցիկներով այն պահին, երբ քարեր էին նետում կամ այլ կերպ էին փչացնում պետական ունեցվածքը»,- մեջբերում է թերթը նահանգապետարանի աշխատակիցներից մեկին:

Նշվում է, որ վանդալիզմի համար մեղադրվող անձինք տուգանքը պետք է վճարեն հինգշաբթիից ոչ ուշ: Միևնույն ժամանակ, նրանք իրավունք ունեն բողոքարկելու իշխանությունների պահանջը:

Վերջին տվյալների համաձայն՝ քաղաքացիության մասին օրենքում փոփոխությունների պատճառով երկու շաբաթ տևած բողոքի ակցիաների ընթացքում Հնդկաստանում մահացել է 20 մարդ, որոնցից 17-ը՝ երկրի ամենախիտ բնակեցված Ուտար Պրադեշ նահանգում: Մայրաքաղաք Նյու Դելիում նույնպես պարբերաբար բողոքի ակցիաներ են տեղի ունենում, չնայած որ այստեղ իշխանությունների որոշմամբ դրանք արգելված են:

Օրենքում սկանդալային փոփոխությունները, որոնք արդեն ուժի մեջ են մտել, ենթադրում են, որ Հարավային Ասիայում Հնդկաստանի հարևան երկրների՝ Աֆղանստանի, Պակիստանի և Բանգլադեշի ոչ մահմեդական ներկայացուցիչները կարող են պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալ, եթե իրենց հայրենիքում տուժել են ոտնձգություններից:

Օրենքում փոփոխություններն առաջացրել են Հնդկաստանի մահմեդականների դժգոհությունները, որոնք նշում են, որ օրենքը խախտում է Սահմանադրությունը և աշխարհիկ երկրում մարդկանց տարանջատում՝ ըստ կրոնական պատկանելիության: